Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Սերժ Սարգսյան. «Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ, ձգտում ենք ապրել այդ ընտանիքի կանոններով»

Մարտ 3, 2010թ. 18:51

KAR_9839-Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակից:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է համաեվրոպական կառույցների  բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստանի Հանրապետություն եւ ասել, որ նման այցելությունները նոր հորիզոններ են բացում մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին: «Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ, ձգտում ենք ապրել այդ ընտանիքի կանոններով, նրանց դավանած արժեքային համակարգով եւ այս առումով մեր ուղղությունը շատ ակնհայտ է»,-ընդգծել է երկրի ղեկավարը` կարեւորելով նաեւ շփումները, ինտեգրումը կուսակցական մակարդակով:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահին` Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ եւ ասել. «Ինչպես բազմիցս նշվել է, սա նոր հնարավորություններ է բացում Եվրոպական խորհրդարանի, եւ ընդհանրապես, Եվրոպայի դերի բարձրացման գործում»:

Վիլֆրիդ Մարթենսն ասել է, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները դիմել են անդամակցելու  Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն` ուսումնասիրելու նրանց հայտերը եւ սկսելու անդամակցության ընթացակարգը:

Հանրապետության Նախագահը եւ Եվրոպական Ժողովրդական կուսակցության ղեկավարը քննարկել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացմանը, մեր երկրի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցերը։ Վիլֆրիդ Մարթենսը նշել է, որ Հայաստանը եվրոպական երկիր է, անդամակցում է Եվրախորհրդին, ընդգրկված է Եվրամիության  «Արեւելյան գործընկերության» ծրագրում: Սերժ Սարգսյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը Արեւելյան գործընկերությունը դիտում է ՙհնարավորությունների պատուհան՚ եւ ձգտում է լավագույնս օգտագործել ընձեռված հնարավորություններն ու լայնածավալ բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այս խնդիրների  վերաբերյալ պաշտոնական Երեւանի մոտեցումները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն