Շատ բան կախված կլինի Նենսի Փելոսիի դիրքորոշումից
Թուրքական լրատվամիջոցները շարունակում են անհամբերությամբ հետևել ԱՄՆ Կոնգրեսում ընթացող զարգացումներին, միաժամանակ սեփական հասարակությանը հավաստիացնելով, որ թուրքական իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով փորձում են կանխել վաղը` մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկվելիք Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը:
Թուրքական «Vatan»-ը տեղեկացնում է, որ թուրք ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորներից կազմված թուրքական խորհրդարանական պատվիրակությունները լայնածավալ լոբբիստական գործունեություն են իրականացնում ընդդեմ բանաձևի ընդունման, իսկ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը այդ նպատակով հանդիպումներ է ունենում ազդեցիկ հրեական կազմակերպությունների հետ:
Բայց այս ամենով հանդերձ, թուրքական լրատվամիջոցների գնահատմամբ, իրավիճակը Թուրքիայի համար` շոկային է: Թուրքական «Զաման»-ն այս առումով մեջբերում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայք Համմերի խոսքերը. «2009 թվականի իր ապրիլքսանչորսյան ուղերձում Օբաման ընդգծել էր, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ունեցած իր տեսակետը չի փոխվել: Մենք կողմն ենք իրողության ճշմարիտ և արդարացի ընդունմանը: Շարունակում ենք հավատալ, որ այդ նպատակին տանող ամենալավ ճանապարհը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերի շրջանակներում է լինելու անցյալում տեղի ունեցած իրադարձություններ քննարկումը: Մենք շարունակելու ենք աջակցել այդ ջանքերին»:
Լրատվամիջոցը կատարելով պարզ թվաբանական հաշվարկ ահազանգում է` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կա 46 պատգամավոր: Նրանցից 26-ը իշխող Դեմոկրատական կուսակցությունից են, 20-ը` Հանրապետականներ են: Դեմոկրատներից 18-ը վճռականորեն «այո» են ասում այդ բանաձևին: Իսկ հանրապետականներից Ցեղասպանության բանաձևի ընդունմանը կողմ է 7 պատգամավոր: Սպասվում է, որ 25 կողմ 21 դեմ քվեարկության արդյունքներով, բանաձևը կանցնի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստ:
Ինչպես արդեն ասել ենք շատ բան կախված է Պալատի նախագահ Նենսի Փելոսի դիրքորոշումից: Եթե հավատանք, որ ԱՄՆ կենգրեսականները ընտրվելուց հետո հավատարիմ են մնում նախընտրական խոստումներին, ուրեմն, պետք է համոզված ասենք, որ Փելոսին դրական ընթացք է տալու գործընթացին: Հիշեցնենք, որ վերջինիս ընտրվել է Կալիֆորնիայից, որը համարվում է ԱՄՆ հայաշատ նահանգներից մեկը: Եվ վերջապես, վերհիշենք, որ Փելոսին մշտապես աջակցել է Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունմանը:
ArmAr.am












