Թուրքերը վարում են ավանտյուրիստական քաղաքականություն
Հայերիս մոտ արմատավորվել է մի թյուրըմբռնում, թե թուրքերն օժտված են ճկուն դիվանագիտություն վարելու մեծ կարողությամբ: Միանգամից ասենք, որ ասվածն ամենևին չի համապատասխանում իրականությանը: Ավելին, սա մեր գիտակցության մեջ, ինչու չէ, նաև միտումնավոր, ներմուծված մի զառանցանք է, որ նաև հստակ նպատակ ունի. անվստահություն ներշնչել սեփական ուժերի հանդեպ, դարձնել քաղաքական պարտությունների հետ համակերպվող, «ճկուն» հարևանի հետ դիվանագիտական հարաբերություններում մշտապես կաշկանդված ու վախվորած:
Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է: Հիշեցի կարսեցի պապիս խոսքերը, որ թուրքերի հետ ունեցած շփումներից լավ ճանաչելով դրանց ընդունակությունների սահմանը, հաճախ էր ասում. «Ախր թուրքն ո՞վ է, որ դիվանագիտություն ու քաղաքական ճկունություն ունենա: Նրա դիվանագիտությունը ստորաքարշությունն է, կեղծավորությունն ու թիկունքից հարվածելու նենգությունը»:
«Թուրքական ճկուն դիվանագիտություն» ասվածն իրականում նրան թելադրող տերերն են մոգոնել, որ հետո անկաշկանդ գործեն «թուրք գործիքի թիկունքից»:
Եվ իրոք, պատմությունը հուշում է, որ թուրքական դիվանագիտություն ասվածը ճկուն է եղել միայն այն ժամանակ, երբ այն ուղղորդվել է այս կամ այն գերհզոր տերության, կամ էլ հետնաբեմում թաքնված ինչ-ինչ ուժերի կողմից;
Սակայն այն պահին, երբ թուրքը մնացել է «սեփական խելքի» հույսին ու անհարժեշտություն է առաջացել ապավինել «ունեցածին», ակնհայտ է դարձել եղածի սնանկությունը: Այդ պահերին, բնականաբար, նրա մեջ զարթնել է նախնիների գենը` թալանջին, հափշտակիչը, քոչվորն ու մարդասպանը…
Ցավալին այն է, որ «նորօրյա» թուրքերին թվում է, թե մինչ օրս ձեռքբերված քաղաքական հաջողությունները սեփական խելքի ու ճկուն քաղաքականության հետևանքն են: Այս մտքից ոգևորված էլ թուրքական քաղաքական վերնախավը եզրակացրեց, որ 21-րդ դարասկզբին կարող է ձերբազատվել իրեն կաշկանդող քաղաքական «հրահանգիչներից» ու «սեփական դիվանագիտությունը» գործի դնել:
2009-ին Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարեց թուրքական քաղաքական նոր գծի մասին` «զրո խնդիրներ հարևանների հետ»: Իրենց որոշումից ոգևորված իշխող վարչախումբը հայտարարեց, թե Թուրքիան կարող է խաղաղություն տարածող երկիր դառնալ ոչ միայն այս տարածաշրջանում, այլ ողջ աշխարհում:
Եվ ահա, աշխարհի «խաղաղության աղավնին» դառնալու ձգտման ճանապարհին թուրքական քաղաքական վերնախավը «սեփական խելքի » հետ միայնակ մնալով սկսեց մեկը մյուսի հետևից լուրջ բացթողումներ գրանցել. թուրքի դիվանագիտական «ճկունությունը» սկսեց ճաքեր տալ:
Չուշացան անգամ սեփական երկրի քաղաքական պարտությունն արձանագրող գնահատականները. թուրք քաղաքական գործիչներից շատերն արձանագրեցին, թե Թուրքիայի քաղաքականությունը պետք է համեմատել ոչ թե շախմատի, այլ, ընդամենը, նարդու հետ, և որ դիվանագիտական ճկունությունն ու քաղաքականություն վարելն իրենց խելքի բանը չէ:
Տեսեք, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացի սկզբից ևեթ թուրքական կողմն ի ցույց դրեց իր կեղծ ու անազնիվ վարքագիծը: Առաջին իսկ պահից թուրք բարձրաստիճան ղեկավարները սկսեցին հանդես գալ տրամագծորեն հակադիր կարծիք-դիրքորոշումներով, ապացուցելով, իրենց խոսքի ու գործի հակասությունը:
Հիշենք, թե արձանագրությունների ստորագրման առաջին օրերին ինչ հայտարարություններ էր անում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը: Նա խոսում էր այն մասին, թե փաստաթղթերի վավերացման գործընթացն իր ձեռքում է, հետևապես իր կողմից կառավարելի: Մինչդեռ դրան հաջորդած ամիսների ընթացքում գրեթե ամեն առիթով էրդողանն սկսեց խոսել ճիշտ հակառակի մասին, շեշտադրել այն հանգամանքը, թե արձանագրությունների ճակատագիրը որևէ մեկից կախված չէ, որոշողը միայն Թուրքիայի Միլի Մեջլիսն է, սա էլ անկախ մարմին է ու որևէ իշխանավոր, այդ թվոմ և ինքը, իրավունք չունի մեջլիսին արձանագրությունների վավերացում պարտադրել:
Էլ չենք խոսում այն մասին, որ այս վեց ամիսների ընթացքում Թուրքիայի վարչապետը չդադարեց թե Հայաստանին, թե միջնորդ երկրներին հիշեցնել, որ իրենք Հայաստանի հետ խոսել ու շարունակելու են խոսել նախապայմանների լեզվով, քանի որ պարտավորություններ ունեն ստանձնած «փոքր եղբոր»` Ադրբեջանի հանդեպ:
Դարձել ենք թուրքական քաղաքական շրջանակների բեմադրած ներկայացուման, ընդորում բավական վատ բեմադրած, ականատեսը. նախ քաղաքական ընդդիմությունը սկսեց վայնասուն բարձրացնել, թե Հայաստանը «գրավել է» եղբայրական Ադրբեջանի հողերը, իսկ իրենք պատրաստվում են «ագրեսորի» հետ քիրվայություն անել: Ընդդիմության լիդերները խստորեն քննադատելով իշխանություններին, վերջիններիս ընդհուպ մինչև սպառնացին իշխանական հեղաշրջմամբ: Բեկմադրված ներկայացումը հետաքրքիր երանգներ ստացավ իշխանական թևում, երբ քաղաքական թիմակիցները սկսեցին խոսել տրամագծորեն հակադիր դիրքերից: Ասենք, որ սա թուրքական բեմադրության բավական անհաջող «դրվագներից» մեկն է:
Ինչպես արդարացիորեն նկատեց պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր , Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը,
թուրքական քաղաքականությունն այլևս ձեռք է բերել ընդգծված ավանտյուրիստական բնույթ: Նկատենք, որ թուրքական «ճկուն» դիվանագիտություն ասվածը միշտ էլ հիմնված է եղել ավանտյուրիայի, խաբեության ու կեղծիքի վրա: Ինչի զոհն ենք հայերս…
Պարզունակ ավանտյուրիայի հերթական դրսևորում էր երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլու սենսացիոն հայտարարությունը, թե իրենք կարող են երեք օրում վավերացնել արձանագրությունները, բայց ինչո՞ւ դիմեն այդ քայլին, երբ Ղարաբաղում երեք ամիս անց հակամարտություն սկսվելու դեպքում ստիպված են լինելու նորից փակել սահմանը:
Արժե՞ արդյոք այսքանից հետո մտածել նման երկրի հետ համագործակցություն շարունակելու մասին: Այսքանից հետո էլ ի՞նչ է հարկավոր, որպեսզի Հայաստանի իշխանությունները վերջնականապես համոզվեն, որ հանձին Թուրքիայի մեր երկրի առաջ կանգնած է անվստահելի ու ավանտյուրիստ «պարտնյոր»:
Հայկական մի խոսուն առակ կա` արջի ու օձի ընկերության մասին, ու թե ինչ դաս տվեց ընկերության մեջ շիպ-շիտակը նախընտրող արջը, «ոլոր-մոլոր» խաղեր տվող օձին…
Հետևություններ անելու համար դեռ ուշ չէ…












