Խորհրդային տարիներին Արցախը ենթարկվել է ժողովրդագրական ագրեսիայի
Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը խորհուրդ տվեց մոռանալ «ազատագրված տարածքներ» արտահայտությունը։ Նա նշեց, որ գոյություն ունի Արցախի Հանրապետության փաստացի տարածք, այդ տարածքը ամրագրված է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ. «Կա Արցախի Հանրապետություն, կա Արցախի Հանրապետության տարածք, կան Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ապրում են Արցախի Հանրապետության իշխանությունների իրավազորության ներքո գտնվող ներկայիս, փաստացի տարածքներում»,- ընդգծեց Արցախի խորհրդարանի պատգամավորը։
Ինչ վերաբերում է վերաբնակեցում տերմինին, ապա պատգամավորի համոզմամբ՝ պետք է խոսվի ոչ թե վերաբնակեցման, այլ հայրենադարձության մասին։ «Որովհետև 1923թ. մինչև 1988թ.-ը, գտնվելով Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ենթարկվել է ժողովրդագրական ագրեսիայի։ 1923թ. ունենալով 145 000 հայ բնակիչ, 1988թ. հայ բնակչության թիվը մնացել է նույնը։ Այսինքն՝ այդ տարիների ընթացքում Ղարաբաղի ինքնավար մարզի հայ բնակչությունը չի աճել։ Մինչդեռ 1923թ. Ացախում ընդամենը 7 000 ադրբեջանական բնակչություն է եղել, իսկ 1989թ. պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ նրանք կազմել են բնակչության 23%-ը»։
ArmAr.am












