Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

«Քաղաքական գործիչները պետք է հավատարիմ մնան իրենց որդեգրած արժեքներին». Տիգրան Սարգսյան

Մարտ 4, 2010թ. 16:30

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում մասնակցել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հիմնադիր անդամ եւ նախագահ, Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսի «Եվրոպա. ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսին:

Մինչ շնորհանդեսը Տիգրան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վիլֆրիդ Մարթենսի հետ: Գրքի շնորհանդեսի սկզբում վարչապետը հանդես է եկել բացման խոսքով:

Անդրադառնալով ներկայացվող գրքին` նա մասնավորապես նշել է. «Իմ արձանագրած կարեւորագույն սկզբունքներից մեկը, որ հիշատակում է նաեւ պարոն Մարթենսն իր գրքում, այն է, որ իրական կյանքը սկսվում է այն պահից, երբ մենք գիտակցում ենք, որ պատրաստ ենք պատասխանատվություն կրել ազատության համար: Երեք կարեւորագույն կոմպոնենտ կա այս մտքի մեջ` խորը գիտակցություն, պատասխանատվություն եւ ազատություն: Եվ այս երեք գաղափարները պետք է լինեն անպայման միասին: Այսպիսի համոզմունքով քաղաքական գործիչները կարող են առաջնորդել իրենց ժողովուրդներին դեպի բարեկեցիկ կյանք:

Կարեւոր են արժեքները, որոնք հիշատակվում են գրքում, եւ որոնց ապավինում է նաեւ գրքի հեղինակը. դա  ազատության պահպանության անհրաժեշտությունն է, հավասարությունը, արդարադատությունը, համերաշխությունը, ժողովրդավարությունը, միջկրոնական եւ մշակութային փոխըմբռնումը»: Հետաքրքիր գնահատական է տվել Անգելա Մերկելը հեղինակի աշխատանքին. «Նրա ամբողջ կյանքը նվիրված է եղել այս գաղափարների ներդրմանը, եւ նա կարողացել է միավորել մարդկանց եւ հաշտեցնել նրանց քրիստոնյա ժողովրդավարական ոգով»: Հանդուրժողականությունը եւ հաշտեցնելու ունակությունը գրքի հեղինակի կարեւորագույն հատկանիշներից են, եւ նա իր գրքում մշտապես վերադառնում է այս կարեւորագույն սկզբունքին:

Կարծում եմ, որ մեր տարածաշրջանային խնդիրները եւս մեկ անգամ կարեւորում են այս սկզբունքի անհրաժեշտությունը, եթե ցանկանում ենք տարածաշրջանում ապահովել խաղաղություն եւ բարեկեցիկ, համերաշխ կյանք բոլոր ժողովուրդների համար: Ակնհայտ է, որ քրիստոնեական այս կարեւորագույն սկզբունքը` ձգտել համագործակցության եւ հաշտեցման, բխում է մեր ժողովուրդների շահերից: Նա իր ողջ  կյանքում ջանացել է քրիստոնեական արժեքներ եւ գաղափարներ ներդնել քաղաքականության մեջ: Սա մի հաջող օրինակ է, որը գրքում ստանում է իր բացահայտումները, որ իրականում քաղաքականությունը ոչ միայն կարող է, այլեւ պետք է հիմնված լինի արժեքների վրա:

Վտանգավոր են այն քաղաքական գործիչները եւ շարժումները, որոնք չեն բացահայտում իրենց արժեքները եւ որոնց քայլերից չի երեւում նրանց տեսլականն ապագայի նկատմամբ: Հետագայում հանրությունը հնարավորություն է ունենում վերահսկել` արդյոք այդ շարժումները եւ քաղաքական գործիչները հավատարիմ են այն սկզբունքներին, որ նրանք հռչակում են: Կարծում եմ` պարոն Մարթենսի օրինակն այն  հաջողվածներից է, որով կարող ենք առաջնորդվել նաեւ մենք: Մեր երիտասարդ քաղաքական գործիչների համար այս գիրքը կարող է դասագիրք լինել այն մասին, թե ինչպես է պետք կազմակերպել, կառուցել քաղաքական կյանքը եւ հասնել հաջողությունների: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր հյուրին այս հիասքանչ գրքի կապակցությամբ, ողջունում եմ նրան Հայաստանի Հանրապետությունում եւ ցանկանում եմ, որ այս հանդիպումը համապատասխան ազդակներ հաղորդի մեր քաղաքական դաշտին, քաղաքական գործիչներին` ապավինել արժեքներին եւ հավատարիմ մնալ դրանց: Դա կլինի մեր հաջողությունների երաշխիքը»:

Գրքի հեղինակ Վիլֆրիդ Մարթենսը երախտիքի խոսք է հնչեցրել եւ շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրել Եվրոպայի իր տեսլականը` խարսխված քրիստոնեական արժեքների վրա:

Ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը եւ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն