Մարտի 1-ին «Թեքեյան կենտրոն»-ի մեծ դահլիճում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը կազմակերպել էր տարածաշրջանային խնդիրներին նվիրված կոնֆերանս
Հավաքին հրավիրվել էին և իրենց մասնակցությունն ունեցան մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, երիտասարդներ, «Սարդարապատ» շարժման համակիրներ:
Հավաքի սկզբում մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին 2008թ. մարտի 1-ին զոհված հայորդիների հիշատակը:
Կարևորելով այդ օրվա պատմական նշանակությունը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց, որ Մարտի 1-ի տաս զոհերը Հայաստանի երրորդ Հանրապետության Անկախության համար զոհված անձինք էին, և այսօր իրապես վտանգված է Հայոց պետականությունը և հայ ժողովուրդը խնդիր ունի ստեղծելու Անկախ և Ազատ Հայաստան:
Մարտի 1-ին Հայաստանում իշխանությունը ժողովրդից բռնազավթած մի խումբ մարդկանց հրամանով հայ ժողովրդի վրա կիրառվեց հրազեն և այդ օրը իշխանություններն իրենց դրեցին օրենքից դուրս վիճակում և հայ ժողովուրդը, նրան առաջնորդող անձիք պայքարի մարտավարություն մշակելիս պետք է ելնեն միմիայն այդ իրողությունից:
Հայաստանում առկա տնտեսական, սոցիալական, իրավական, բարոյա-հոգեբանական ճգնաժամը հետևանք է այն իրողության, որ նախկին և ներկա իշխանությունները տարիներ շարունակ կողոպտելով ու թալանելով հայ ժողովրդին, հանցավոր կերպով սեփականաշնորհելով ազգային հարստությունն ու բաշխելով այն մի քանի անձանց միջեւ, առավելագույն չափերի հասցրեցին սոցիալական բևեռացումը, աղքատությունն ու անարդարությունը, բարոյազրկումն ու նյութապաշտությունը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը դարձավ առավել խոցելի և անընդունակ իրապես դիմակայելու արտաքին որևէ լուրջ մարտահրավերի, դատապարտված լինելով կատարելու տարածաշրջանում կենսական շահեր ունեցող պետությունների կամքը:
Այդ մասին կարծիքներ հայտնեցին մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը, “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամներ Հայկ Բալանյանը և Տիգրան Խզմալյանը, ԱՍՍԱԼԱ-ի նախկին մարտիկ, “Մոնթե Մելոքոնյան” հիմնադրամի տնօրեն Ալեք Յենիգոմշյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, “Կենաց տուն” հասարակական կազմակերպության մշակութային կենտրոնի տնօրեն, Հայաստանի ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը, ՀՀ նախկին արտգործնախարար, նախկին քաղբանտարկյալ Ալիկ Արզումանյանը:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը, որը ներկաներին իրազեկեց Սարդարապատ” շարժման սկզբունքների, մոտեցումների, Հանրապետությունում առկա իրավիճակը շտկելու նպատակով գործնական քայլերի մասին:
Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները որակելով որպես լրջագույն վտանգներ ուղղված ՀՀ Ազգային Անվտանգությանը, Ժիրայր Սեֆիլյանը հորդորեց ներկաներին, շարժման բոլոր համախոհներին, որ այսուհետ ևս, էլ ավելի պատրաստակամ, վճռական կեցվածքով և միակամ, համատեղ գործնական քայլերով փոխեն հայության ֆիզիկական և հոգևոր գոյությանը վտանգող իրողությունները:
“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբ
01.03.10թ.Երևան
ArmAr.am












