Փաստորեն Թուրքիայի արտգործնախարարը խոստովանում է, որ 1993թ. սահմանը իրենք փակել են` որպես Հայաստանի հանդեպ թշնամական ակցիա
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ.
-Պարոն Աթանեսյան, Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն մեկ անգամ ևս փորձել է Արցախյան հիմնախնդրի կարգավորումը կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Նա երեկ հայտարարել է, որ երեք օրում արձանագրությունները կարող են վավերացնել, սահմանը բացել, սակայն երեք ամիս հետո Ղարաբաղի խնդիրը առաջ կգա, և իրենք ստիպված կլինեն սահմանը նորից փակել։ Ձեր կարծիքով, ի՞նչ է ուզում սրանով ասել Դավութօլուն. պատերա՞զմ կսկսվի, թե՞ խնդիրը կլուծվի հօգուտ Արցախի Հանրապետության արդեն իսկ կայացած ինքնորոշման իրավունքի շրջանակներում։
-Դավութօղլու հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիան միանշանակորեն հանդես է գալիս որպես հակամարտության կողմ։ Այսինքն, փաստորեն Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոստովանում է, որ 1993թ. սահմանը իրենք փակել են` որպես Հայաստանի հանդեպ թշնամական ակցիա, և եթե վաղը ինչ-որ մի այլ իրավիճակ ստեղծվի, ապա կրկին ստիպված կլինեն փակել այն։ Այսինքն, Թուրքիան հանդես է գալիս որպես Ադրբեջանի հետ մեկ միասնական պետություն։ Եվ դա արդեն Թուրքիայի խնդիրն է, թե ինչպես է միջազգային հանրությանը ներկայանալու որպես հակամարտության կողմ։ Չէ՞որ հակամարտության կողմ լինելը միայն իրավունք չէ, դա նաև պատասխանատվություն է։ Թուրքիան ինչպե՞ս է միջազգային հանրության առջև մեկնաբանելու իր այն կեցվածքը, որ ինքը Հայաստանի հանդեպ գործադրում է պատերազմական իրավիճակին հարիր գործողություն։ Որովհետև սահմանի փակումը, շրջափակումը պատերազմական իրավիճակին հարիր գործողություն է միայն։
-Այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» նախագահն այսօր հայտարարել է, որ Արցախի հասարակ ժողովուրդը մեծ ցանկություն ունի ապրելու Ադրբեջանի կազմում, Արցախում կա՞ն մարդիկ, որոնք նման ցանկություն ունեն։
-Նախ, խորհուրդ եմ տալիս չհետևել ադրբեջանական ցածրագույն մակարդակի պաշտոնյաների, զանազան հասարակական կազմակերպությունների և չգիտեմ ինչ ինքնակոչ անձանց հայտարարություններին և նման հարցեր ընդհանրապես չհնչեցնել։ Որովհետև եթե ես փորձեմ նույնիսկ իջնել այդ հասարակական գործչի մակարդակին և պատասխանել նրանց, ապա իրենք կմտածեն, որ իսկապես նման մի բան կա։ Ընդհանրապես չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև դա բացարձակ հիմարություն է։ Դեռևս գորբաչովյան ժամանակներից եկող «ստերեոտիպ» է. երբ ասում էին, որ ժողովուրդը կողմնակից է, որ խնդիրը կարգավորվի, բայց մի խումբ ծայրահեղականներ ժողովրդին տեռորի են ենթարկում։ Հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ չկան ծայրահեղականներ, և չկա, իրենց ընկալմամբ՝ այսպես ասած, հանդուրժողական ժողովուրդ։ Կա մեկ միասնական ժողովուրդ, մեկ ամբողջություն, և այսօր արդեն այդ ամբողջությունն իր կամքն արտահայտում է ոչ թե հանրահավաքների միջոցով, այլ իր կողմից ընտրված իշխանության մարմինների միջոցով։
–Վերջին շրջանում միջազգային գերատեսչությունների շրջանակներում բազմիցս բարձրացվում է այն խնդիրը, որը Արցախի Հանրապետությունը պետք է ընդգրկվի բանակցությունների գործընթացում։ Սրան զուգահեռ` կարծիքներ են շրջանառվում, որ նման «ցանկությունները» հիմնականում կապվում են այն խնդրի հետ, որ եթե Արցախյան հիմնահարցի կարգավորման վերջնական փաստաթղթի տակ չլինի Արցախի հանրապետության ներկայացուցչի ստորագրությունը, այդ փաստաթուղթը իրավական ուժ չի ստանա։ Ձեր կարծիքով, նման բան հնարավո՞ր է։
-Դուք ուզում եք ասել, որ Արցախի Հանրապետությանը ներքաշում են բանակցային գործընթաց, որպեսզի ինչ-որ բան պարտադրե՞ն…
Եթե Ձեր հարցն այլ ենթատեքստ չունի, ապա բանակցություններին մասնակցելու ցանկություն արտահայտելիս Արցախի Հանրապետությունը նման հեռանկար նկատի չի առնում։ Ավելին՝ բացառում է։
-Արցախի Հանրապետության նախագահը մի քանի անգամ նշել է, որ Արցախի Հանրապետությունը պետք է մասնակցեր Արցախի հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցություններին հենց սկզբից։ Չե՞ք կարծում, որ ներկայումս Արցախի Հանրապետությունը եթե ներգրավվի բանակցություններում, այն ինչ-որ տեղ ուշացած կլինի։
-Լեռնային Ղարաբաղի իշխանությունները վերջին 10 տարիների ընթացքում և այսօր էլ պնդում են, որ Արցախի խնդրի շուրջ ընթացող բանակցություններին առանց Արցախի Հանրապետության իշխանությունների իրավահավասար մասնակցության, այդ խնդիրը լուծում չի ունենա։ Այդ հարցը չի լուծվել և չի լուծվելու այնքան ժամանակ, մինչև չլինի Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին։
Ինչ վերաբերում է ուշացածին, ապա՝ այն ժամանակ, երբ Արցախի Հանրապետությունը կդառնա բանակցային գործընթացի լիիրավ, իրավահավասար կողմ, այն ժամանկ էլ կսկսվեն կարգավորման լրջագույն բանակցությունները, և դա երբեք ուշացած չի լինի։
Գոհար Փիլթոյան












