Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Կիրո Մանոյան.«Պահն է հրաժարվել այդ արձանագրություններից»

Մարտ 5, 2010թ. 15:10

DSC00845«Որքան երկար շարունակենք մնալ հայ-թուրքական հարաբերություններ կոչվող գործընթացում, այնքան ավելի թանկ ենք վճարելու: Արձանագրություններից հրաժարվելը կարող է որոշ շրջանակներում ինչ- ինչ դժգոհություններ առաջացնել, նկատի ունեմ արտաքին ուժերին, բայց դա չարյաց փոքրագույնն է»,-համոզված է ՀՅԴ Բյուոյի մամլո քարտուղար  Կիրո Մանոյանը:

Ըստ Մանոյանի կան բոլոր հիմնավորումները, որպեսզի Հայաստանն այսօր իսկ հայտարարի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն տապալված է.«Եվ մենք կարող ենք  դուրս գալ այս գործընթացից՝ Թուրքիայի կեցվածքի պատճառով»։

Այս բանակցություններում Թուրքիան անկեղծ չէր։ Բանակցությունների նախնական ընթացքում,  կար մի պահ, որ  Թուրքիան ընդունել էր, որ Ղարաբաղի խնդիրը գործընթացի մաս չի կազմում: Բայց այն պահից հետո, երբ ստորագրվեցին արձանագրությունները, Թուրքիայի մոտեցումները 180 աստիճանով փոխեցին։

Կիրո Մանոյանն այն կարծիքին է, որ Կոնգրեսի հանձնախմբի կողմից այս բանաձևի ընդունումը Թուրքիային չի պարտադրի վավերացնել  արձանագրությունները, սակայն նրան կպարտադրի ավելի լուրջ   վերաբերվել Հայաստանի հետ բանակցություններին: «Եթե ԱՄՆ Արտաքին հարաբեությունների հանձնաժողովը չվավերացներ բանաձևը, ապա  Թուրքիայի վերաբերմունքը կդառնար առավել սանձարձակ: Իսկ դրա ապացույցն այն անպատկառ կեցվածքն է, որ Թուրքիան ցուցաբերում է արձանագրությունների վավերացման այս ողջ ընթացքում։ Նախ հայտարարեցին, որ գործադիրը օրենսդիրի վրա չի կարող ազդել, որպեսզի արձանագրությունները վավերացվեն, իսկ երկու օր առաջ ԱԳ նախարար Դավութօղլուն հայտարարում է, թե 3 օրվա ընթացքում կարող են վավերացնել։ Նման անլրջությունների մասին է խոսքը։ Բայց միևնույն է Թուրքիան չի  վավերացնի արձանագրությունները»:

Անդրադառնալով, ՀՀ ԱԳ նախարարի տարածած հայտարարության, Կիրո Մանոյանը նկատեց. «Մեր արտգործնախարարը երեկ արագ արձագանքեց, և նման արձագանքը խիստ անհրաժեշտ էր։ Հուսով եմ, որ նրա ասածը օդի մեջ արված հայտարարություն չէր, միայն հարկավոր է, որ պարոն Նալբանդյանը մի քիչ ավելի «դուխ» ցուցաբերի ու հրաժարվի այդ արձանագրություններից»։

Կ. Մանոյանը նկատում է, որ Թուրքիան այսօր նոր բան չի ասում, պարզապես,  մերոնք հանկարծ սկսել են տեսնել ու լսել, թե իրականում ի՞նչ են ասում նրանք։  «Սա հայ-թուրքական քաղաքական պայքարն է, որ վարվում է ամերիկյան քաղաքական դաշտում և Հայաստանը չի կարող դրանից դուրս մնալ։ Հայաստանը շատ հստակ ձևով պետք է իր տեսակետներն արտահայտի»։

Կոնգրեսում բանաձևի քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ դեմ  քվեարկող կոնգրեսականներն իրենց քայլն արդարացնում էին  հայ-թուրքական դիվանգիտական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացով։

«Այն վերահաստատեց մեր տեսակետը, որ այս արձանագրությունները խոչընդոտում են Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Ահա թե ինչու ենք ասում, որ  պահն է հրաժարվել այդ արձանագրություններից։ Արձանագրությունները դարձել են ճնշման լծակ Հայաստանի վրա ոչ միայն ցեղասպանության հարցում, նաև Արցախի հարցում։ Այս բոլորից դուրս գալու լավագույն միջոցն այն է, որ վայրկյան առաջ  հայտարենք դրա կասեցման  մասին»

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն