Նաև գործնական գիտելիքներ
Հայաստանի Հանրապետությունը «Կենսաբանության Միջազգային Օլիմպիադա» կազմակերպությանն անդամակցում է 2009 թվականից: Անդամակցությունը հնարավորություն տվեց այդ տարի մեր աշակերտներին առաջին անգամ մասնակցել Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում կազմակերպված կեսաբանության միջազգային 20-րդ օլիմպիադային, որին ներկայացված էին 56 երկրից 221 աշակերտ: Տիրապետելով բավականին խորը տեսական գիտելիքների` մեր մասնակիցները խնդիրներ ունեցան օլիմպիադայի գործնական փուլի առաջադրանքները կատարելիս, որի պատճառն ուսումնական հաստատություններում համապատասխան լաբորատորիաների բացակայությունն էր: Խնդիրը լուծելու նպատակով` կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց “Հայաստանի Հանրապետության 2010թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1522-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին” Փոփոխությունը հնարավորություն կտա ավագ դպրոցներից մեկում ձևավորել կենսաբանության առարկայի գործնական պարապմունքների կազմակերպման համար ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիա` հագեցած սարքավորումներով և փորձերի համար անհրաժեշտ նյութերով: Վերջինս կնպաստի ինչպես օժտված աշակերտների բացահայտմանը, այնպես էլ հանրապետական և միջազգային օլիմպիադանների մասնակից հայ աշակերտների գործնական գիտելիքների ձեռքբերմանը:
ArmAr.am












