Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Աբխազիայի Նախագահ Սերգեյ Բաղապշին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Աբխազիայի Նախագահ Սերգեյ Բաղապշին` Վլադիսլավ Արձինբայի մահվան կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
<<Աբխազիան եւ նրա ժողովուրդը ծանր կորուստ կրեցին: Կյանքից հեռացավ Աբխազիայի Հանրապետության առաջին նախագահ Վլադիսլավ Գրիգորիի Արձինբան:
Վլադիսլավ Արձինբան կանգնած է եղել Աբխազիայի ազգային-ազատագրական շարժման ակունքներում, գլխավորել է նրա պատմության ամենաճակատագրական շրջաններից մեկը: Նրա ղեկավարությամբ Աբխազիան արժանապատվորեն հաղթահարել է բոլոր դժվարությունները եւ ամուր կանգնել իր պետականության հետագա ամրապնդման ուղու վրա:
Վլադիսլավ Գրիգորիի Արձինբային գիտեն Աբխազիայի սահմաններից դուրս: Արցախում նրա հանդեպ տածում են ջերմ զգացմունքներ եւ խորին հարգանք:
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ եւ Աբխազիայի եղբայրական ժողովրդին` անդառնալի կորստի կապակցությամբ>>:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն












