«Օբամային հերթական առիթն ենք տալիս ասելու, որ չի ուզում հարվածել հայ-թուրքական գործընթացին
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հերթական անգամ Հայոց Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ ընդունեց, որը դեռեւս պետք է հաստատվի Կոնգրեսի լիագումար նիստում: Նախորդ բանաձեւի ոդիսականին ականատես եղանք 2007թ., երբ այն ընդունվեց ավելի շատ ձայներով, սակայն ուժ չստացավ լիագումար նիստում` թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները չվտանգելու հիմնավորմամբ: Այս անգամ այդ մտահոգությանը ավելացավ մեր իշխանությունների նվիրաբերածը` հայ-թուրքական անավարտ եւ հայհոյախառն սիրախաղին չխանգարելը: Սրա մասին ՙԺառանգությունը՚ բազմիցս զգուշացրել է եւ շատ վաղուց: 2007թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ Թուրքիային սպառնալը լուրջ խնդիր լուծեց. նա տեղից շարժվեց եւ հայկական հարցի նկատմամբ ուրացման, մերժման ու պատժիչ քաղաքականության իր նպատակներին հասնելու գործընթաց սկսեց Հայաստան հետ:
Անշուշտ, քիչ հավանական էր, որ ԱՄՆ Կոնգրեսը, որտեղ այսօր մեծամասնություն են կազմում դեմոկրատները, իսկ ԱՄՆ նախագահ է Բարաք Օբաման, ով խոստացաել էր ճանաչել Ցեղասպանությունը, ավելի վատ արդյունք արձանագրեր հանձնաժողովում, քան Ցեղասպանության ճանաչմանը բացահայտ դեմ արտահայտված Բուշի վարչակազմը 2007թ.: Իսկ տեղի ունեցածը ընդամենը Թուրքիային սթափեցնելու եւ արձանագրությունների վավերացման, Աֆղանստան զորախումբ ուղարկելու, իր տարածքում ԱՄՆ հակահռթիռային պաշտպանության կայան տեղադրելու, տարածաշրջանում Արեւմուտքի համար ընդունելի քաղաքականություն վարելու հարցերում թուրք-ամերիկյան համաձայնություններ ձեռքբերելուն դրդող հաշվարկված սարսափեցում է: Այդ խնդիրներով սակարկություններն անշուշտ սկսվելու են Թուրքիայում կրքերը հանդարտվելուց եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ բանակցելու անհրաժեշտության գիտակցումից հետո:
ՙԺառանգությունը՚ մտահոգություն ունի, որ Հայաստանի իշխանությունները գերագնահատում են իրենց վարած արտաքին քաղաքականությունը, համարում, որ Հայաստանը վարձահատույց եղավ ԱՄՆ-ի ու միջազգային հանրության հորդորները բավարարելու եւ կառուցողական դիրքորոշման համար, որը իրականում ամենքին ՙայո՚ ասելու քաղաքականություն է, անգամ եթե դա մեր շահերից չի բխում: Այսօր վտանգն այն է, որ Հայաստանի իշխանություններն այս էյֆորիայի մեջ փորձեն շարունակել նույն ոգով, տեղի տան առաջիկայում սպասելիք հորդորներին ու ճնշումներին` վավերացնելով արձանագրություններն անգամ առաջինը, եւ սպասելով, թե Կոնգրեսը ուժ կտա՞ բանաձեւին: Իսկ սա կնշանակի` ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Օբամային հերթական առիթը տալ վերընթերցելու 2009թ.-ի իր ուղերձը եւ հայտարարելու, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ հարվածել վավերացման փուլ թեւակոխած հայ-թուրքական գործընթացին: Նույնը կրկնվելու է նաեւ Կոնգրեսի լիագումար նիստում հարցի քննարկումը վիժեցնելիս:
Ի՞նչ պետք է անի Հայաստանը. դեռեւս 2009թ. գարնանը ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ամրագրելով, որ գործընթացն առանց նախապայմանների չէ, առաջարկեց Հայաստանի իշխանություններին հետայսու առաջնորդվել ՙամեն ինչ սեղանին՚ մեթոդաբանությամբ, քանի որ Թուրքիան իր նախապայմանները դրել է արձանագրությունների մեջ ու սեղանին: Երեկ ՀՀ ԱԳ նախարարը նույնպես խոստովանեց, որ Թուրքիայի նախապայմանների լեզվին ավելացել է շանտաժի ու սպառնալիքների լեզուն: Սեղանին պետք է դրվի հիրավի ամեն ինչ` ազգային արժանապատվությունն ու իրավունքները հարգելու պահանջից մինչեւ Հայրենազրկման հետեւանքերի վերացումը: Այլապես մենք մնալու ենք այլոց շահերի բավարարման դրամատիկ տեսարանների ականտեսն ու մասնակիցը: Բայց ոչ ավելին:
Վերջում մեր սիրելի կանանց, քույրերին եւ մայրերին ՙԺառանգության՚ անունից շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ, եւ մաղթում առողջություն ու երջանկություն:












