Թուրքիան անհարմար վիճակում է
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն Միացյալ Նահանգներից պահանջել է՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո հստակեցնել դիրքորոշումը հայ- թուրքական հարաբերությունների հարցում:
«Մեր հարցը Վաշինգտոնին շատ պարզ է. դուք սատարո՞ւմ եք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացին: Չենք ցանկանում ամեն տարվա գարնանն անցնել այս ճգնաժամի միջով: Այդ նպատակով էլ սկսեցինք Երեւանի հետ հարաբերությունների նորմալացումը եւ նման արձագանք չէինք սպասում՚»,- ասել է Դավուդօղլուն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Թուրքիան անհարմար դրության մեջ է հայտնվել, քանի որ Միացյալ Նահանգների վարչակազմը բանաձեւի ընդունումը կանխելու ուղղությամբ որեւէ քայլ չձեռնարկեց։
«Մեր պատմությունը քննադատության ենթարկելը այլ երկրների խորհրդարանների գործը չէ: Թուրքիան կարող է իր խնդիրներն ինքնուրույն լուծել: Դա մեզ համար ազգային արժանապատվության հարց է»,- ասում է Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին փոխանցում է թուրքական «Հյուրեիեթ»ը
Թուրքական «Զաման»- ը մեջբերում է ասուլիսի ժամանակ արտգործնախարարի հնչեցրած այլ հայտարարություն. «Թուրքիան այն երկիրը չէ, որ որոշում կայացնի այլ երկրների ճնշման տակ»: Դավութօղլուն Հայաստանին կոչ է արել բացել բոլոր արխիվներն ու վարել Անկարա- Երեւան դեմ առ դեմ բանակցություններ:












