Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում

Մարտ 6, 2010թ. 10:30

Մարտի 5-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ սփյուռքի նախարար  Հրանուշ Հակոբյանին և նրան ուղեկցող անձանց:

Ընդգծելով Հայաստան-Արցախ-Սփյուռք համակողմանի կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը` ԱԺ նախագահը հանդիպմանը նշեց, որ հայ ժողովրդի եռամիասնության ապահովման այդ գործընթացում կարևորվում է նախարարության ներկայացուցչական պատվիրակության ծրագրային այցն Արցախ։ Խորհրդարանի նախագահի խոսքով՝ հայ ժողովուրդն ունի լուծման սպասող կամ լուծման ընթացք ապրող համազգային խնդիրներ, որոնց իրականացումը հնարավոր է հայության բոլոր հատվածների, այդ թվում՝ պետական, քաղաքական, կրոնական ու հասարակական կառույցների ջանքերի համատեղման միջոցով միայն։ Այդ առումով, ասաց նա, հարկ է, որպեսզի առավել լիարժեք օգտագործվեն նաև երկու հայկական հանրապետությունների օրենսդիր մարմինների, մասնավորապես, ԼՂՀ խորհրդարանի  հնարավորությունները։

Իր հերթին՝ սփյուռքի նախարարը, ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության գործունեության ոլորտները, ուղղություններն ու խնդիրները, նշեց, որ նախարարությունն իր ծրագրերի իրականացման գործում մեծապես ակնկալում է Արցախի պետական և ոչ պետական կառույցների աջակցությունը։

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ սփյուռքի նախարարության և ԼՂՀ Ազգային ժողովի համագործակցության ուղիներն ու միջոցները, ուրվագծվեցին առաջիկա անելիքները։

Զրույցին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, ԼՂՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Քոչարյանը։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն