Թուրքիայի հետին մտքերը պատուհաս են դառնալու հենց իր գլխին
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին, կարևորել է կողմերի` մեկմեկու հանդեպ դրսևորած անկեղծությունն ու հետին մտքերի բացառումը:
«Անկեղծ գործողը, բոլոր պարագաներում, շահեկան է դուրս գալիս: Հայաստանը գործել է անկեղծ, առանց հետին մտքի և դրան ականատես են եղել միջնորդ և աջակից երկրները: Մենք ասել ենք այն, ինչ արել ենք, եւ արել ենք այն, ինչ որ հայտարարել ենք: Այսինքն, եթե Թուրքիան ինչ-որ հետին մտքեր ունի, եթե այլ մոտեցում ունի, չէի ցանկանա մեկնաբանել այն հետեւանքները, որոնք կարող են լինել հենց Թուրքիայի համար` Թուրքիայի կողմից այդ գործընթացը ձախողելու դեպքում: Առնվազն Թուրքիայի հանդեպ վստահությունն աշխարհի կողմից բավական կընկնի, կնվազի: Էլ չեմ խոսում այլ հետևանքների մասին:
Նախարարը նշել է, որ գործընթացը սկսվեց Հայաստանի նախաձեռնությամբ. «Մեր Նախագահն է ձեռք մեկնել: Եվ մեզ հաջողվել է նաև միջազգային հանրության աջակցությունն ունենալ. սա շատ կարեւոր հանգամանք է: Որեւէ երկիր, երբ դիվանագիտական նախաձեռնությամբ է հանդես գալիս, շահագրգռված է միջազգային հանրության աջակցությունն ունենալ` լինի դա Ռուսաստանը, լինեն Միացյալ Նահանգները, եվրոպական որեւէ երկիր, Չինաստանը, այլ երկրներ: Ամբողջ աշխարհը մեզ այս գործընթացում աջակցել է: Մեր գործողությունները բոլորի կողմից ըմբռնելի են եղել»: ՀՀ նախարարը նկատել է.«Եթե այնպես ստացվի, որ Թուրքիան գնա այս գործընթացի ձախողման, չնայած կցանկանայի եւս մեկ անգամ շեշտել, որ մենք ցանկանում ենք եւ ձգտում ենք, որ այս գործընթացը շարունակվի եւ հաջողությամբ պսակվի, բայց եթե այլ զարգացում ունենա, ապա Հայաստանը վատագույն դեպքում կվերադառնա 2008թ. սեպտեմբերի 6-ից առաջ եղած իրավիճակին, բայց միջազգային ասպարեզում իր հեղինակությունն ավելի ամրապնդած»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
ArmAr.am












