Խոր Վիրապի մոտ կստեղծվի «Աշխարհի քաղաքը»
2010 թվականին մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Չինաստանում տեղի ունենալիք Շանհայ Էքսպո-2010 խոշորագույն համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանը ներկայանալու է «Աշխարհի քաղաք» նախագծով, որը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունն է: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը:
Նախագիծով նախատեսվում է Արարատյան դաշտավայրում` Խոր Վիրապի մոտ, ստեղծել նոր քաղաք, որտեղ ամեն մի թաղամաս կառուցվելու է աշխարհի որևէ մի երկրի, ժողովրդի ճարտարապետական ոճով: Նախատեսվում է յուրաքանչյուր թաղամասում կառուցել 5-7 բազմաբնույթ բովանդակությամբ ֆունկցիոնալ գոտիներ` բնակելի (հյուրանոցներ, առանձնատներ), առևտրի, հանգստի, առողջարանական, մշակութային:
«Սա բաց նախագիծ է, որի մեջ ներգրավված են և աշխատում են բազմաթիվ սփյուռքահայ ճարտարապետներ: Ամեն մեկը վերցնում է մի թաղամասի նախագծի աշխատանքներ ու սկսում իրականացնել»,- ասում է Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Տիգրան Հարությունյանը: «Նախագծման վրա որևէ գումար նախատեսված չէ ծախսել. ճարտարապետներն անում են իրենց բարի կամքով: Հաջողության դեպքում հնարավոր է նախագծի հիման վրա կառուցվի այդ քաղաքը, սակայն դեռ վաղ է այդ ,մասին խոսելը»:
ArmAr.am












