ԱՄՆ-ը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո, անմիջապես
հաջորդ օրը Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ իրենք ջանքեր կգործադրեն, որպեսզի այդ բանաձևը Կոնգրեսի Լիագումար նիստում քվերակության չդրվի։
«Ինչպե՞ս կմեկնաբանեք Քլինթոնի այս հայտարարությունը, բացի այդ հնարավո՞ր է, որ Օբաման «վետտո» դնի այս բանաձևի վրա՝ դրանով փակելով դեպի լիագումար նիստ բոլոր ճանապարհները»։ Պատասխանելով ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցերին պատգամավոր Կորյուն Նահապետյանը նշեց, որ Օբամայի վարչակազմի, մասնավորապես Հիլարի Քլինթոնի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել։ Նախընտրական շրջանում, երբ Հ. Քլինթոնը դեռևս սենատոր էր, նա բացահայտ հայտարարել էր, որ կողմ է Ցեղասպանության ճանաչման բանաձևին։ «Կոնգրեսի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովում հարցի քննարկմանը նախորդող ժամանակահատվածում ԱՄՆ վարչակազմի կողմից որևէ հստակ դիրքորոշում չկար, որն ընդդիմանար այդ նախաձեռնությանը։ Բայց բանաձևի ընդունմանը հաջորդող օրերին արդեն վարչակազմի դիրքորոշման փոփոխություն նկատվեց»,- ընդգծեց Կ. Նահապետյանը։
Պատգամավորը նշեց, որ ԱՄՆ վարչակազմն այն պատճառաբանությամբ է դեմ արտահայտվում այս նախաձեռնությանը, քանի որ դա կարող է որոշ չափով ազդել հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացին։ Սակայն Կ. Նահապետյանի կարծիքով, ժամանակի ընթացքում հնարավոր է, որ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումներում փոփոխություններ տեղի ունենան։ «Ուստի չպետք է բացառել, որ ԱՄՆ վարչակազմն այս հարցում կարող է վերադառնալ այն ակունքներին, որից սկսել է նախընտրական շրջանում։ Այսինքն՝ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը»,- ասաց Կ. Նահապետյանը։
ArmAr.am












