Guardian .«Այն, որ նախնիները ցեղասպանություն են իրականացրել, ծայրաստիճան նյարդայնացնում է թուրքերին»
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո արևմտյան լրատվամիջոցները ակտիվորեն սկսեցին վերլուծել կատարվածը: Հարկ է նկատել, որ այս տարի արևմտյան մամուլի կողմից խնդրի նկատմամբ առկա ուշադրությունը աննախադեպ էր: Միաժամանակ, հետաքրքիր են շեշտադրումները. գրեթե բոլոր վերլուծաբանների քննադատության թիրախը Թուրքիան է. թուրքական իշխանությունների անզուսպ պահվածքի մասին գրում են բոլոր թերթերը:
Այսպես. բրիտանական Guardian թերթը հանդես է եկել «Թուրքիան նախևառաջ պետք է ինքն իրեն հայելու մեջ նայի» վերտառությամբ հոդվածով:
Հոդվածագիրը հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման ֆոնի վրա քննարկելի դարձնելով հայ-թուրքական հարաբերությունների սկսված գործընթացը, արձանագրում է. «Թուրքիան ձախողեց ավարտին հասցնել գործընթացը: Երկու երկրների միջև հարաբերություններում տեղաշարժ չի արձանագրվել այն պատճառով, որ Թուրքիան շարունակում է կարգավորման գործընթացը կապել ղարաբաղյան հակամարտության և հայկական տարածքներից հայկական զորքերի դուրս բերման հետ»:
Դառնալով Հայկական բանաձևի ընդունմանը, վերլուծաբանը արձանագրում է. «Թուրքիան մշտապես քննադատում էր իսրայելական իշխանություններին, արդյունքում` ԱՄն հրեական կազմակերպությունները Ցեղասպանության բանաձևի կասեցման գործում նախկինի պես չսատարեցին թուրք լոբբիստներին»:
Եվ վերջապես, ամենից կարևորն այն հետևությունն է, որին հանգում է հոդվածագիրը. «Թուրքիան հայտնվել է ներկայիս իրավիճակում, քանի որ այդպես էլ չի ցանկացել իր համար պարզել, թե 1915-թին ինչ է տեղի ունեցել Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերի հետ: Այն գաղափարը, որ իրենց նախնիները ցեղասպանություն են իրականացրել, ծայրաստիճան նյարդայնացնում է թուրքերին նաև այն պատճառով, որ այդ երկրում պատմական ճշմարտությունը պարզելու հնարավորություն չկա: Դասագրքերը խեղաթյուրված են, իսկ քաղաքական գործիչները ձայներ կորզելու համար պատրաստ են գործի դնել ազգայնականներին»:
«Բանաձևի հավանությունը Վաշինգտոնում մտորելու առիթ պետք է հանդիսանա Թուրքիայի համար: Հայաստանի հետ հարաբերությունները վերջնական կարգավորելով, Իրանի, Միացյալ Նահանգների և Իսրայելի նկատմամբ հավասարակշիռ դիրքորոշում որդեգրելով, և վերջապես վերջ դնելով 1915 թ-ին տեղ գտած դեպքերի ժխտման քաղաքականությանը Թուրքիան մեծապես կբարելավի իր համաշխարհային ընկալումը և ունակությունները կայունացնելու աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանը», – եզրափակում է հոդվածագիրը:
Արևմուտքը ևս սկսում է համոզվել այն պարզ ճշմարտության մեջ, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել ու չի դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, անկարող է լինել այն երկիրը, ինչպիսին ուզում է տեսնել Արևմուտքը:
ArmAr.am












