Արա Պապյան. «Հայերի Ցեղասպանությունը պատմական հարց չէ…»
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Հայերի Ցեղասպանության բանաձևի ընդունմանը «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստում չի ընդունվի Ցեղասպանության մասին բանաձևը, որ դրա հավանականությունը հիմա ավելի քիչ է, քան մի քանի տարի առաջ էր։ Նրա կարծիքով դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ «հայ-թուրքական արձանագրություններն իրենց սև գործն անում են»։ «Հայ-թուրքական արձանագրությունները նոր հնարավորություն տվեցին՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայերի Ցեղասպանության բանաձևի ընդունումը ձգձգելու համար։ Հիլարի Քլինթոնի բառերը, թե՝ Հայերի Ցեղասպանության բանաձևը քննարկելու համար հիմա հարմար ժամանակ չէ, քանի որ հայերն ու թուրքերը համաձայնվել են դրա համար համապատասխան հանձնաժողով ստեղծել, արդեն իսկ պարզորեն վկայում են, որ կիրականան մեր ամենհոռետեսական կանխատեսումները։ Սրանով թուրքերը ևս մեկ առիթ ունեցան ձգձգելու արձանագրությունների վավերացման գործընթացը։
Կարծում եմ, որ հայ թուրքական հարաբերություններն ավելի կսրվեն, քան կային մինչև այս արձանագրությունների ստորագրումը»,- նշել է Ա. Պապյանը։
Մեկնաբանելով թուրքերի ու նրանց համակիրների կողմից հնչող այն արտահայտությունները, թե՝ «պատմությունը պետք է թողնել պատմաբաններին, կամ էլ՝ որ Կոնգրեսն այն տեղը չէ, որտեղ պատմական խնդիրներ քննարկվեն»,- Ա. Պապյանն ընդգծել է, որ Հայերի Ցեղասպանությունը պատմական հարց չէ։ Պատմական կարող են համարվել միայն այն դեպքերն ու իրադարձությունները, որոնց ազդեցությունը անմիջականորեն չի տարածվում ներկայիս ժամանակաշրջանի վրա։ Այդ տեսանկյունից Հայերի Ցեղասպանությունը այժմեական հարց է։ «Այն, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքով ու բնակչության թվով այսօր շատ փոքր է, դա մեր դեմ իրականացված հանցագործության հետևանքն է»,-ընդգծել է Արա Պապյանը։
ArmAr.am












