Ռումինիայի նախագահի խնդրանքով դեսպանը ներկայացրել է արցախյան հիմնախնդիրը
Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ հանդիպման ժամանակ Ռումինիայի նախագահը ընդգծեց Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ հարաբերությունների կարևորության մասին, շնորհակալություն հայտնեց դեսպանին երկկողմ կապերի զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված գործունեության համար:
Զրուցակիցները երկուստեք համոզմունք հայտնեցին, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` այս տարի ծրագրվող պաշտոնական այցը Ռումինիա մեծապես կնպաստի հայ-ռումինական համագործակցության հետագա զարգացմանը:
Նախագահ Բասեսկուի խնդրանքով դեսպան Սարգսյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացի վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց ռումինական իշխանություններին իր առաքելության իրականացման տարիներին ցուցաբերած աջակցության և համագործակցության համար:
Սենատի նախագահ Միրչեա Ջեոանայի հետ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի կարեւորությունը երկկողմ հարաբերություններում, եւ խոսվել է հնարավոր նոր ծրագրերի մասին:
Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիելի հետ ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանի հրաժեշտի հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են հայ եւ ռումին քույր եկեղեցիների միջեւ ավանդական կապերի եւ դրանց հեռանկարների վերաբերյալ:
ArmAr.am












