«Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական ծրագիրը
Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը եւս մեկ ծրագիր է ստանձնել Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում
Բրազիլահայ համայնքի աջակցությամբ Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում հիմնանորոգված բաժանմունքների թիվը կավելանա եւս երկուսով: Այս հիվանդանոցում սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի կողմից իրականացվող վեցերորդ ծրագիրն է, որի շրջանակներում հիմնանորոգվում են վաղ մանկական հասակային եւ ավագ մանկական վարակային բաժանմունքները:
Ծրագիրը ստանձնելու իր որոշման մասին Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ատենապետ Օշին Լեոն Մոստիչյանը հայտնել էր դեռ 2009-ի հոկտեմբերին, երբ բրազիլահայ պատվիրակության հետ աշխատանքային այցով ժամանել էր Երեւան:
«Հիմնադրամի գործունեության ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ բարերարը մեկ ծրագիր հովանավորելուց հետո ցանկություն է հայտնում հոգալ հաստատության այլ կարիքները եւս: Արդյունքում շահառուի խնդիրները համալիր լուծում են ստանում: Այսօրինակ դեպքերը մեկ անգամ եւս փաստում են Հիմնադրամի մեծ ներուժն ու վստահությունը»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
2005 թվականից ի վեր Հիմնադրամի շնորհիվ հիմնանորոգվել է հիվանդանոցի վերակենդանացման, աղիքային վարակների թերապեւտիկ, ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքները, ինչպես նաեւ փոխվել Բ մասնաշենքի տանիքը, կառուցվել ջեռուցման համակարգ ու կաթսայատուն:
«Բարեկարգ պայմանները, ինչ խոսք, դրական ազդեցություն են ունեցել թե բուժսպասարկման որակի, եւ թե հիվանդների ինքնազգացողության վրա: Ներկայիս վիճակը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ բուժսպասարկում իրականացնել մասնավորապես համաճարակների ժամանակ»,- ասում է Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը: Նրա խոսքով` նորոգված բաժանմունքներում անցյալ տարի սպասարկվել է շուրջ 4800 ստացիոնար եւ 2350 ամբուլատոր հիվանդ:
ArmAr.am












