Ստեփան Դեմիրճյան.«Անկեղծ ասած ես արագ հանգուցալուծումը ռեալ չեմ համարում»
«Բոլորը նշում են, որ հանգուցալուծումը մոտ է, եզրափակիչ փուլ է մտել գործընթացը, սակայն անկեղծ ասած ես արագ հանգուցալուծումը ռեալ չեմ համարում: Բայց այն, որ ակտիվացել է գործընթացը, դա փաստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Լրագրողների հարցին, թե ՀԺԿ ղեկավարը համաձայն չէ՞ Հայ ազգային կոնգրեսի գնահատականներին, որ իրադարձությունների զարգացումը մտահոգիչ է, իսկ հակամարտության հանգուցալուծումը` մոտ: «Մտահոգությունները տեղին են, անհիմն չեն: Չի կարելի ասել, որ զարգացումները բարենպաստ են: Մտահոգությունների տեղիք կա: Եվ հիմա շատ ակնհայտ երեւում է, որ ժամանակին սխալ էր Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս մղելը: Եվ այդ սխալը այսօր իրեն իսկապես, կարծում եմ, զգացնել է տալիս: Մտահոգվելու առիթ կա, ճնշումներն էլ գնալով կուժեղանան, բայց չեմ կարծում, որ հանգուցալուծումը մոտ է»,- ասում է Ստեփան Դեմիրճյանը: Հետաքրքիրն այն է, որ Ստեփան Դեմիրճյանն իր խոսքն ասելուց հետո միաժամանակ հավելեց` գուցե ես սխալվո՞ւմ եմ: Նա նաեւ ասել է, որ ավելի լավ է հակամարտությունը չկարգավորվի, քան կարգավորվի մեզ համար անբարենպաստ ձեւով:
ArmAr.am












