«Արմավիա»-ի օդանավերը Մոսկվայի «Դոմոդեդովո» չեն թռչելու
«Արմավիա» ավիաընկերության կոմերցիոն դեպարտամենտը բիզնեսի նպատակահարմարությունից ելնելով որոշում է կայացրել, որ այս ավիաընկերության ինքնաթիռները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան չեն թռչելու: Այդ մասին ArmAr.am-ին տեղեկացրեց «Արմավիա» ավիաընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան:
Նա նշեց, որ «Աշխատողները ուսումնասիրել են պահանջարկը և որոշել, որ այս պահին առավել նպատակահարմար է չվերթներ իրականացնել դեպի «Վնուկովո» օդանավակայան, իսկ մարտի 12-ից` դեպի «Շերեմետևո»: Ըստ «Արմավիա»-ի մամլո խոսնակի , իրենց աշխատակիցները մեկ առ մեկ զանգում են և իրենց ուղևորներին տեղեկացնում, որ «Դոմոդեդովո» չեն ուղևորվելու:
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան չվեթ չի իրականացվում մարտի սկզբներից:
Այն տեղեկությունները, թե «Արմավիան» պարտքեր ունի «Դոմոդեդովո» օդանավակայանին, ինչի պատճառով էլ դադարեցրել է այնտեղ չվերթներ իրականացնել, Նանա Ավետիսովան հերքեց: «Դրանք իրականությանը չեն համապատասխանում», հավելեց նա:
Նրա խոսքով, մարտի 12-ից սկսած «Արմավիան» դեպի Մոսկվա կիրականացնի օրական 4 չվերթ` «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայններ:
ArmAr.am












