Փարիզում սկսվել է Սարգսյան-Սարկոզի հանդիպումը
Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Փարիզում:
Փարիզում՝ Ելիսեյան պալատում սկսվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, հայ-թուրքական հարաբերությունները, նաեւ տարածաշրջանային հարցեր: Հանդիպումից հետո Նիկոլա Սարկոզիի անունից, ի պատիվ Սերժ Սարգսյանի, հանդիսավոր ճաշ է տրվելու:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումները Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի եւ Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի հետ: Փարիզում Սերժ Սարգսյանը հանդիպելու է նաեւ հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ: Հայաստանի նախագահը հարցազրույց է տալու մի քանի օտարերկրյա ԶԼՄ-ների: Հայկական պատվիրակությունը մարտի 11-ին Փարիզից վերադառնալու է Երեւան:
ArmAr.am












