Օբամայի հրավերը` «ցեղասպանություն» բառը ևս մեկ անգամ չարտասանելու միջոց է. ՀԱԿ ներկայացուցիչ
Հայ Ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Վաշինգտոն այցելելու հրավերը հայտարարեց, որ դա միջոց է Օբամայի համար իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում ևս մեկ անգամ չարտասանել «ցեղասպանություն» եզրույթը:
Կարապետյանը զուգահեռներ է անցկացնում նախորդ տարվա ապրիլի 22-ին Շվեյցարիայում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների համաձայնեցված շրջանակային համաձայնագրի և այս ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովի միջև և հայտարարում .
«Հիմնական նպատակն այն է, ինչ եղել է նախորդ տարի ապրիլի 22-ին, երբ համատեղ հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները, ինչը, սակայն օգտագործվեց ԱՄՆ նախագահի կողմից խոստումը չկատարելու և ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չարտասանելու համար»:
Նրա խոսքով, ապրիլի 24-ից առաջ Վաշինգտոնում կայանալիք այդ գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը և երկկողմ հանդիպումները «օգտագործվելու է ցույց տալու Ամերիկայի հայկական համայնքին, միջազգային հանրությանը, թե իբր գործընթացը շարունակվում է և պետք չէ «ցեղասպանություն» բառի օգտագործմամբ վնասել հայ-թուրքական գործընթացին»:
Նա համաձայն չէ իշխանական շրջանակներում ընդունված այն տեսակետի հետ, թե Օբամայի հրավերը Սերժ Սարգսյանին Հայաստանի վարած նախաձեռնողական քաղաքականության ապացույց է: «Եթե նման մեկնաբանություն է տրվում, ապա այդպիսով խոստովանվում է, որ բոլոր նախաձեռնությունները կրախ են ապրում, տապալվել են», -նկատեց ընդդիմադիր գործիչը:
Վլադիմիր Կարապետյանը հիշեցրեց օրերս հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի «Մարդու իրավունքները Հայաստանում 2009թ.» և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին զեկույցները, որոնցում Հայաստանի իշխանությունները քննադատության են ենթարկվում և հավելեց. «Այդ ամենի ֆոնին լուրջ երկխոսություն և լուրջ զրույց է սպասվում Ամերիկայում»:
Կարապետյանի կարծիքով, երկկողմ քննարկման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցը «մի փոքր ավելի ստորադասվելու է այդ խնդիրներին»:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին է փոխանցել նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված եւ սույն թվականի ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցության հրավերը` հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը։












