Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Օբաման հրավիրել է ՀՀ նախագահին

Մարտ 13, 2010թ. 12:02

Նախագահ Սարգսյանին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերը Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին, վառ ապացույցն է այն բանի, որ բարձր է գնահատվում Սերժ Սարգսյանի նախաձեռնողական, բաց և կառուցողական քաղաքականությունը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով նախօրեին տարածված պաշտոնական տեղեկությունը, թե ԱՄՆ նախագահը Վաշինգտոն է հրավիրել Սերժ Սարգսյանին մասնակցելու վերոնշյալ գագաթաժողովին,  հայտարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Նախագահ Օբամայի հրավերը նաև այն բանի վառ ապացույցն է, որ Հայաստանի նախագահի նմանատիպ նախաձեռնողական ճկուն քաղաքականության արդյունքում Հայաստանի վարկանիշը բարձրացել է տարածաշրջանում և միջազգային ասպարեզում», -հավելեց իշխանական խորհրդարանականը:

Շարմազանովը կարևորեց այն հանգամանքը, որ լինելով տարածքով փոքր երկիր Հայաստանը լուրջ ներդրում է ունեցել գլոբալ միջուկային անվտանգության հարցերում, հետևաբար նախագահ Օբամայի հրավերն արդարացված է:

Օբամայի հրավերի մյուս բաղադրիչը, որ մատնանշեց պատգամավորը, տարածաշրջանային վերջին զարգացումներն են: «Ամերիկահայկական հարաբերություններն արագորեն զարգանում են, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սմերիկայի իշխող վարչակազմը պաշտպանում է Հայաստանի վարած նախաձեռնողական քաղաքականությունը, ապա տարածաշրջանային զարգացումները ևս կլինեն ուշադրության կենտրոնում», -հավելեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաշինգտոնյան գագաթաժողովում ներկա է գտնվելու նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատգամավորը չի՞ կարծում, որ Օբամայի հրավերը նաև ուղղված է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին:

«Քանի որ օրակարգում կա նաև տարածաշրջանային զարգացումների թեման, չեմ բացառում, որ այդ թեմայի շրջանակներում քննարկվի նաև այդ հարցը: Կարծում եմ` ԱՄՆ դիրքորոշումը շատ հստակ է` տարածաշրջանում երկարատև խաղաղություն և բաց սահմաններ, բնականաբար այդ հարցը կքննարկվի», -պատասխանեց պատգամավոր Շարմազանովը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հիլարի Քլինթոնը Սերժ Սարգսյանին է փոխանցել նախագահ Բարաք Օբամայի կողմից նախաձեռնված եւ սույն թվականի ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցության հրավերը` հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի քննարկումը։


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն