Գլխավոր » Լրահոս

Հաջողվեց համադրել հայկական լոբբիի և ՀՀ կառավարության ջանքերը

Մարտ 13, 2010թ. 15:00

Հայ-թուրքական արձանագրությունների վնասը երևաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 252 բանաձևի քվեարկության ժամանակ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար, Կոնգրեսի հանձնաժողովի քվեարկությանը ներկա գտնված Վահան Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ բանաձևին դեմ քվեարկածների մեծ մասը իրենց որոշումը պայմանավորել էր հայ-թուրքական հաշտեցման գործընթացը չձախողելու ցանկությամբ, սակայն իրական պատճառները երևացին հաջորդ օրը, երբ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Կոստա-Ռիկայում կոչ արեց ԱՄՆ կոնգրեսականներին ձեռնպահ մնալ բանաձևի ընդունումից: Բանախոսը հայտնեց, որ մինչև քվեարկությունը որոշ կոնգրեսականներ Սպիտակ տուն էին կանչվել:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը ողջունեց այն, որ իշխանություններն ընդունել են Դաշնակցության առաջարկը` Հայաստանի պատգամավորական խումբ ուղարկել Վաշինգտոն` Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի քննարկմանը:

«Սա զգալի չափով նպաստեց ԱՄՆ-ում ապրող հայության ջանքերին հաջողությամբ պսակվելուն, որովհետև վերջապես ամերիկյան կողմի համար կարևոր էր տեսնել, թե արդյոք Հայաստանի պետությունը նույնպե՞ս շահագրգիռ է, թե՞ ոչ: Եվ այստեղ երկու կարծիք լինել չի կարող, որովհետև մենք, ի վերջո, կատարում էինք մեր Սահմանադրական պարտքը և Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության պահանջները, որտեղ ասված է, որ Հայաստանի Հանրապետությունը հետապնդում է ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը, այդ թվում` և Թուրքիայի կողմից»,- ասաց պատգամավորը:

Ըստ բանախոսի, հայկական պատվիրակության բացակայությունը կարող էր այլ կերպ ընդունվել Վաշինգտոնում և բանաձևի ընդունման նոր խոչընդոտ հանդիսանար, մանավանդ որ այն ընդամենը 1 ձայնի առավելությամբ ընդունվեց:

Վահան Հովհաննիսյանը ողջունեց նաև այն, որ այս անգամ հաջողվեց համադրել հայկական լոբբիի և Հայաստանի կառավարության ջանքը: Նա կարևորեց նաև ՀՀԿ անդամների ներկայությունը հանձնաժողովի քվեարկությանը:

«Շատ կարևոր էր նրանց ներկայությունն այն առումով, որ սա ոչ միայն Դաշնակցության ջանքերն են, այլև այլ քաղաքական ուժերի` տվյալ դեպքում` կոալիցիայի, որը ներկայացնում է արդեն Հայաստանը, որպես ընդհանուր ճակատ»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն