Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Գիդո Վեստերվելլեի հետ
Մարտի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն է կատարել Բեռլին։
Նա հանդիպել է Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ։ ՀՀ արտգործնախարարը գոհունակությամբ նշել է, որ Գերմանիան Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկն է և շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին։
Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ՀՀ նախագահի Գերմանիա կատարելիք առաջիկա պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքներին։
Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ քննարկել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Եթե Թուրքիան իրականում ցանկանում է այս գործընթացի շարունակությունը և հաջողությունը, ապա պետք է զերծ մնա նախապայմանների լեզվով խոսելուց, ձգձգման արհեստական պատրվակներ փնտրելուց և կոնկրետ քայլեր ձեռնարկի արձանագրությունների վավերացման և իրականացման համար»,- ասել է Է. Նալբանդյանը: Նախարարը վստահեցրել է, որ Հայաստանը հետամուտ է իր նախաձեռնությամբ սկսված գործընթացի առաջընթացին և նույնն ակնկալում է Թուրքիայից:
Նախարար Վեստերվելլեն նշել է, որ Գերմանիան ողջունել է, և աջակից է բոլոր այն ջանքերին, որոնք կբերեն Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձ են կատարել Հարավ Կովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունությանն ամրապնդմանն առնչվող խնդիրներին:
Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է նաև Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները: Երկուստեք կարևորվել է հիմնահարցի խաղաղ կարգավորումը` 2008թ. Հելսինկիում և 2009թ. Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդների հայտարարություններին համահունչ, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
ArmAr.am












