Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Գեորգի Պետրոսյան. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա թեկուզ և անուղղակի, բայց զգալի է հայ-թուրքական հարաբերությունների ազդեցությունը»

Մարտ 16, 2010թ. 12:09

Georgi Petrosyan2009-ին միջազգային ասպարեզում արձանագրված դինամիկ տեղաշարժերը որոշ մարտահրավերներ են հասցեագրում նաև Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությանը,  խմբագրում մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Ինչ է արվել այդ ուղղությամբ 2009-ին և որոնք են լինելու Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները 2010-ին: Այս հարցերն էին քննարկվում մարտի 13-ին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և արտաքին գործերի կենտրոնական ապարատի ու արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:

Նախորդ տարին մեր տարածաշրջանում որոշակի  նոր զարգացումներ ապահովեց: Մեծացավ  Հարավային Կովկասի նկատմամբ համաշխարհային ուժային կենտրոնների հետաքրքրությունը: Այս պայմաններում, երբ Արցախի քաղաքականությունը պետք է լինի և հավասարակշռված և ակտիվ, նման ձևաչափով հանդիպումները, երկրի ղեկավարի համոզմամբ, ոչ միայն  կարևոր են, այլ անհրաժեշտ: Նոր իրավիճակում ԼՂՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի հավասարակշռված եւ բազմակողմ, գտնում է հանրապետության ղեկավարը:

Արտաքին քաղաքականության  առաջին և գլխավոր ուղղությունը մնում է ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացը: Այս գործընթացում ԼՂՀ անմիջական մասնակցության անհրաժեշտության առթիվ հանրապետության նախագահի դիրքորոշումն անփոփոխ է:  Արցախում կողմնակից են հարցի խաղաղ կարգավորմանը, բայց բանակցային գործընթացում ԼՂՀ մասնակցության վերականգնումը համարում են անհետաձգելի անհրաժեշտություն: «ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին»,- սա ԼՂՀ նախագահի համոզմունքն է:

Անփոփոխ են նաեւ Արցախի հետագա ընթացքի մասին պատկերացումները. «Միանշանակ է, որ վերադարձ 1988 թվականին թե կարգավիճակի եւ թե վարչատարածքային առումով` անհնար է»:

Օրակարգում են մնում ԼՂՀ միջազգային ճանաչմանն  ուղղված քայլերը:  Դրանում երկրի ղեկավարաը  կարևորում է տարբեր երկրներում ԼՂՀ մշտական ներկայացուցչութունների դերակատարությունը:

Այս առումով ներկայացուցչությունները  արդեն որոշակի ձեռքբերումներ ունեն: Կատարված աշխատանքները գնահատում է երկրի ղեկավարը: Բավական արդյունավետ են գործում ներկայացուցչությունների կայքէջերը եւ տպագիր պարբերականները: Իսկ ավելի արդյունավետ աշխատելու համար որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ: Նախորդ հանդիպումների ժամանակ ևս  Բակո Սահակյանը առիթ է ունեցել բարձրաձայնելու համակարգում առկա  որոշ  թերությունների մասին: Մատնանշված թերությունների մի մասն արդեն վերացվել է: Մնացած մասի առումով հետեւեցին նախագահի հրահանգները:

Դրանց մի մասը արդեն վերացվել է, աշխատանքներ, սակայն, դեռ շատ կան: Խոսքն, առաջին հերթին, կադրային ներուժի արդյունավետ օգտագործմանն է վերաբերում:

Բակո Սահակյանը գոհ չէ նաեւ ներկայացուցչությունների եւ կենտրոնական ապարատի համագործակցության աստիճանից: Այստեղ առկա բացթողումների վերացման առթիվ նախագահի հանձնարարականն ուղղակի է եւ հստակ:

2009-ի աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը: Առաջնային ուղղությունը մնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացը: Արտգործնախարարը հակիրճ անդրադարձավ հակամարտության կարգավորման գործընթացում և դրա շուրջ 2009-ին արձանագրված հիմնական զարգացումներին:

«Ղարաբաղյան հակամարտության  կարգավորման գործընթացի վրա  թեկուզ և անուղղակի, բայց զգալի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ազդեցությունը»,- համոզված է Գեորգի Պետրոսյանը:

Նոր իրավիճակում  նոր գործիքներ են պահանջվում Սփյուռքի հետ համագործակցության համար:  Արտգործնախարարը այդ առթիվ հնչած վերջին առաջարկներին անդրադարձավ:

2009 թվականի աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկան արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների ղեկավարները: Առանձին յուրահատկություններով հանդերձ` բոլոր ներկյացուցչություններում առաջնահերթությունները նույնն են`  տեղեկատվական քարոզչական աշխատանքներ, համագործակցության հաստատում տվյալ երկրի պետական և հասարակական կառույցների  հետ, աշխատանք հայկական սփյուռքի հետ:

Արցախը դրսում պետք է պատկերվի այնպիսին, ինչպիսին կա` իր պատմությամբ, տնտեսական եւ զբոսաշրջային գրավչություններով: Տարբեր` առավել ևս ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերում ԼՂՀ դիրքորոշումները պետք է  ներկայացվեն  հստակ և առանց ուշացման: Սա հանրապետության ղեկավարի հանձնարարականն էր: Այս առումով ներկայացուցչությունների և արտգործնախարարության կենտրոնական ապարատի  աշխատանքը գնահատելով հանդերձ, երկրի ղեկավարը նաև նկատված թերացումների մասին խոսեց:

Առկա թերությունները շտկելու իրենց առաջարկները ներկայացրեցին արտգործնախարարության կենտրոնական ապարատի պատասխանատուները:

2010-ին ԼՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների  արտգործնախարար Գերոգի Պետրոսյանը խոսեց: Հիմնական կողմնորոշիչները, ըստ էության անփոփոխ են մնում:

Իսկ արտաքին  գործերի նախարարությունը իր ստորաբաժանումներով կշարունակի մնալ  ԼՂՀ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում: Անգամ ֆինանսա-տնտեսական  բարդ իրավիճակում վերջին մի քանի տարիների ընթացքում  գերատեսչությանը հատկացվող միջոցները ավելացել են 5 անգամ:

Նորայր Հովսեփյան

Ստեփանակերտ

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն