Հիլարի Քլինթոնի ադրբեջանամետ շեշտադրումները
Ինչպես հայտնի է, մարտի 11-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցը, որում, ԱՄՆ Պետդեպարտամենտին հատուկ` երկու երկրների մեջ հավասարություն դնելու ոճով կրկին խիստ քննադատության է ենթարկվում մարդու իրավունքների, բազմակարծության, խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակը թե’ Ադրբեջանում, թե’ Հայաստանում:
Շարունակելով իր «հավասարակշռություն» պահպանելու քաղաքականությունը, ԱՄՆ վարչակազմը հաճախ է հայտնվում անհարմար իրավիճակներում, քանի որ ստրպված է նաև պատասխանել այսօրինակ հարցադրումներին. Այսպես` մարտի 15-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ–ը չի անտեսում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը բռնատիրական Ադրբեջանում` տեղի տալով նավթային շահերին եւ շարունակելով համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, դարձյալ չխախտելով հավասարության պահպանելու կեղծ սկզբունքն, ասել է. «Մենք գիտենք, որ խնդիրներ կան և Ադրբեջանում, և Հայաստանում»: Ապա, Քլինթոնը, զարմանալի մի անցում է կատարում ղարաբաղյան խնդրին, հնչեցնելով զուտ ադրբեջանամետ դիրքորոշում. «ԱՄՆ-ը` Ադրբեջանում, և, ընդհանրապես, Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծումը կապում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ»։ Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանությունները սեփական երկրում տիրող բռնատիրական բարքերն ու խայտառակ չափերի հասնող կոռուպցիան, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոտնահարումների դեպքերը շատ հաճախ են փորձում պայմանավորել ղարաբաղյան հակամարտության չլուծվածությամբ: Ինչի համար նաև արժանացել են Արևմուտքի քաղաքական վերլուծաբանների ծաղրախառն քննադատությանը: Եվ ահա նույն շեշտադրմամբ այսօր հանդես է գալիս նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան:
Պետքարտուղար Քլինթոնը, լրագրողի հիշեցմամբ անդրադառնալով Ադրբեջանում խոսքի ազատության ակնհայտ ոտնահարման կոնկրետ փաստին` սեփական տեսակետները արտահայտելու համար ադրբեջանցի բլոգերների ձերբակալությանը, դարձյալ սևեռվել է ղարաբաղյան հիմնախնդրի վրա` հայտարարելով`ԱՄՆ-ը ամեն ջանք գործադրում է Ղարաբաղի հակամարտության լուծման համար. «Մենք կարծում ենք, որ եթե հակամարտությունը կարգավորվի, մարդու իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես կլուծվեն»
Կարծում ենք Հիլարի Քլինթոնի նման ադրբեջանամետ շեշտադրումները լուրջ խորհելու տեղիք են տալիս:
ArmAr.am












