Հայ-թուրքական հարաբերություններն ածանցվում են ղարաբաղյան գործընթացից
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն, իրականում ղարաբաղյան գործընթացի ածանցյալ մասն է. այդպես ստացվեց տարածաշրջանային զարգացումների արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Ընդգծելով, որ թեպետ հայ-թուրքական գործընթացը նախաձեռնվել է Հայաստանի կողմից, սակայն խորապես մտածված չի եղել, ինչի պատճառով հանգել ենք ակնկալվածից հակառակ արդյունքի. «Հաշվի առնելով նաեւ ԱՄՆ Կոնգրեսի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերի ընդունումը, կարելի է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունները սրվել են»,- նկատեց Ա. Մելիքյանը՝ հայտարարելով, թե մեզ համար պետք է սպասելի լիներ նաեւ ռուս-թուրքական մերձեցումը։
Այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարվա ապրիլի 24-ի իր ելույթում արտասանի «ցեղասպանություն» բառը, ԼՂՀ նախկին արտգործնախարարը նշեց, «Ես դա չեմ բացառում: Հնարավոր է՝ այս տարի նա արտասանի այդ բառը, քանի որ ԱՄՆ վերջին տարիների քաղաքականությունը միտված է Թուրքիային իրենից վանելուն»,- միաժամանակ ընդգծելով, որ Օբամայի խոսքերն, ի տարբերություն Կոնգրեսի կայացրած որոշման, օրենքի ուժ չունեն:
ArmAr.am
Թեգեր` ԱՄՆ, Կոնգրես, Հայոց Ցեղասպանություն, Օբամա












