Ստեփան Գրիգորյան.«Կատարվել են ինչ-որ փոփոխություններ, որոնք ընդունելի չեն հայկական կողմերի համար»
Հայաստանյան ներքաղաքական դաշտում շարունակվում են քննարկումները արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ:
«Հայաստանը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում շրջանակային պայմանագիր կնքելու ժամանակ պետք է հիմք ընդունի ոչ թե մադրիդյան սկզբունքների «վերանորոգված» տարբերակը, այլ առաջին տարբերակը«,-այսօր նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետը նկատում է, որ «վերանորոգված» տարբերակում կա երկու կետ` հանրաքվեի անցկացման ու խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ, որոնք թուլացված են` ի տարբերություն առաջին տարբերակի:
«Վերանորոգված մադրիդյան սկզբունքների մեջ այդ շեշտադրումները թուլացված են: Այդ երկու կետերը մեզ համար սկզբունքային են: Կատարվել են ինչ-որ փոփոխություններ, որոնք ընդունելի չեն հայկական կողմերի համար»,- ասաց նա:
Ինչպես նկատում է քաղաքագետը, ադրբեջանցիները հայտարարեցին, որ իրենք պատրաստ են ստորագրել մադրիդյան նորացված սկզբունքները, ինքը մտածել է, թե դա կառուցողական քայլ է, սակայն հետո պարզել է, որ այդ նորացված սկզբունքները ձեռնտու է իրենց, այդ իսկ պատճառով էլ շահագրգռաված են:
Ըստ Գրիգորյանի, մինչև Ղարաբաղը չդառնա բանակցային կողմ ու հայկական կողմի շահերը չարտահայտվի բանակցություններում, ղարաբաղյան խնդիրը չի կարող արագ լուծում ստանալ: Նա կարծում է, որ դժվար է լիովին վերականգնել Ղարաբաղի կարգավիճակը որպես բանակցային կողմ, սակայն միաժամանակ ասաց, որ խնդիրն առանց ԼՂՀ հնարավոր չէ լուծել:
«Բոլորը կարծում են, որ վերջնական փուլում Ղարաբաղի մասնակցությունը պարտադիր է»,- ասաց քաղաքագետը:
ArmAr.am
Թեգեր` խաղաղապահ ուժեր, Հայաստան, Ղարաբաղյան խնդիր, Մադրիդյան սկզբունքներ












