Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Տիգրան Սարգսյան.«Մենք այսօր չպետք է զբաղվենք փոխադարձ մեղադրանքներով, մեր ուժը պետք է լինի մեր միասնությունը»

Մարտ 16, 2010թ. 17:50

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը «իր տեղում չէ, և չի տիրապետում ոչ երկրի էկոնոմիկային ու ոչ էլ տնտեսական վիճակին»։ Այս հայտարարությունն այսօր, ինչպես ասում են, լա~յն արձագանք ստացավ: Նախ  արձագանքեց հենց ինքը` նախարար Ներսես Երիցյանը, ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանին խորհուրդ տալով գնահատական տալ ոչ թե իրեն, այլ ԲՀԿ անդամ նախարարների գործունեությանը:

Այս ամենից հետո խորհուրդ տալու հերթը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորինն էր. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով անդրադառնալով ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հայտարարությանը, իր հերթին վերջինիս խորհուրդ  տվեց հրաժարականի դիմում գրել. «Ընդհանրապես, Ներսես Երիցյանը դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնի Գագիկ Ծառուկյանին խորհուրդ տալու իրավունք վաստակելու համար: Ինչ վերաբերում է իր աշխատանքի գնահատականին, ապա կառավարության անդամի աշխատանքի գնահատականն առաջին հերթին պետք է տա հասարակությունը, իսկ Գագիկ Ծառուկյանը կոնկրետ Ներսես Երիցյանի աշխատանքի մասին փոխանցել է հանրության կարծիքը, այն հանրության, որն ամեն օր իր մաշկի վրա է զգում նաև Ներսես Երիցյանի տնտեսական քաղաքականության հետևանքները: Պարոն Երիցյանին խորհուրդ կտայի խորհուրդներ տալու փոխարեն,  երբ մեր երկրում արձանագրվում է 14% տնտեսական անկում, ընդամենը, մեկ պարզ գործով զբաղվել` հրաժարականի դիմում գրել»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Չուշացավ  ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի պատասխանը.  «Տիկին Զոհրաբյանին կհորդորեի չանցնել կոռեկտության և էթիկայի սահմանները, և ոտքերը մեկնել իր վերմակի չափով: Միշտ չէ, որ հասարակության համար ընդունելի են ականջահաճո հայտարարությունները»,- հակադարձել էր  Է.Շարմազանովը։

Ներկոալիցիոն հեռահար «ռմբահարումներին» փորձեց վերջ տալ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտարարելով, թե բոլոր նախարարություններում էլ կան թերություններ և բացթողումներ, և դրանք վերաբերում են ոչ միայն էկոնոմիկայի նախարարությանը։

Տիգրան Սարգսյանը նկատել է, թե ինքը ծանոթանալով վերահսկողական ծառայության ուսումնասիրություններին հանդիպել է թերությունների ու բացթողումների` գրեթե  բոլոր նախարարություններում։ Սակայն դրանով հանդերձ վարչապետը հետևյալ կարծիքին է. «Մենք այսօր չպետք է զբաղվենք փոխադարձ մեղադրանքներով, այլ մեր ուժը պետք է լինի մեր միասնությունը, եթե այս կամ այն նախարարությունում կան թերություններ կամ բացթողումներ, մեր կոալիցիոն գործընկերները պետք է օգնեն շտկել դրանք։ Մենք չպետք է խախտենք էթիկայի կանոնները»,– ասել է վարչապետը: Վերջինս նաև նրբանկատորեն  հավելել է, որ ինքը չի ցանկանում տարբերություն դնել կոալիցիոն կուսակցությունների նախարարների գործունեության  միջև ու բարձրաձայնել, թե ո՞ր կուսակցության նախարարը լավ է աշխատել, որը` վատ։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն