ԵԽԽՎ թուրք նախագահը կրկին կողմնակալ հայտարարություններ է անում
Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին, քանի որ ճիշտ չէ, որ պատմական անցքերի առնչությամբ որոշումներ կայացնեն քաղաքական գործիչները: Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քառօրյա այցով Ղազախստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
«Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Ճիշտ չէ, որ գործից անտեղյակ քաղաքական գործիչներն այդ առնչությամբ որոշումներ կայացնեն: Այդ հարցը պետք է քննարկել ձևավորվելիք հանձնաժողովներում»,- ասել է նա:
Չավուշօղլուն չի համաձայնել նաև շրջանառվող այն տեսակետի հետ, թե Շվեդիայի Ռիկսդագի որոշման վրա ազդել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունումը:
«Շվեդիայի Ռիկսդագի ներքին կանոնակարգի համաձայն` մինչև խորհրդարանական ընտրությունները պետք է քննարկվեն և քվերակության դրվեն մինչ այդ ներկայացված բոլոր նախագծերն ու առաջարկությունները: Հնարավոր չէ, որ այդ հարցում Շվեդիան հետևած լինի Միացյալ Նահանգներին»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը:
Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չի ընդունվի. «Չեմ կարցում, թե Անգլիան կընդունի անցանկալի որոշում: Դա ասում եմ ես, մի մարդ, ով լավ է ճանաչում Անգլիան»:
ArmAr.am












