Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը

Մարտ 17, 2010թ. 08:30

katogikosՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով նախօրեին պաշտոնական այցով Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը:

Օդանավակայանում Ռուսաց պատրիարքին դիմավորեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը` գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Կիրիլ Պատրիարքին դիմավորելու էին եկել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենիստանի, Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանները:

Օդանավակայանից երկու Հայրապետներն իրենց շքախմբերի ուղեկցությամբ մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին որտեղ Ս. Տրդատի կամարի մոտ նրանց դիմավորեց Մայր Աթոռի միաբաններից, թեմակալ առաջնորդներից, ռուս հոգևորականներից և ճեմարանականներից կազմված խաչվառազարդ թափորը: Խունկի օրհնությունից հետո, Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո երկու հովվապետերն՝օրհնելով ժողովրդին, “Հրաշափառ” շարականի հանդիսավոր երգեցողությամբ առաջնորդվեցին Միածնաէջ Մայր Տաճար:

Իջման Սուրբ Սեղանի առջև երկու գահակալները խոնարհվեցին` համբուրելով Աստվածընկալ Ս. խաչը և Ավետարանը, որից հետո սկսվեց բարիգալստյան արարողությունը:

Հայաստան Կիրիլ Պատրիարքի այցի առիթով Մայր Տաճար էր բերվել Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի շնորհաբաշխ Աջը:

Իր խոսքում Կիրիլ Պատրիարքը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Անդրադառնալով քրիստոնեական հավատքի կաևորությանը հայ ժողովրդի կյանքում` Կիրիլ Պատրիարքը հիշատակեց Հայ Եկեղեցու մեծագույն սրբերին` Սբ. Գրիգոր Լուսավորչին ու Հռիփսիմյանց կույսերին, ովքեր հավատքի սերմեր ցանեցին Հայաստանի օրհնյալ հողում:

Արարողության ավարտին Հայրապետները Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջով օրհնություն բաշխեցին հավատացյալ ժողովրդին և ապա եկեղեցական թափորով ուղղվեցին դեպի Վեհարան:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն