Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախում իրականացվում է բնակարանների վերանորոգման ծրագիր

Մարտ 17, 2010թ. 13:30

bnakaranԱրցախի հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման խնդիրն արդիական է հատկապես վերաբնակեցվող բնակավայրերում: Լուծման յուրօրինակ մի տարբերակ մեկնարկեց նախորդ տարի. բնակարանների վերանորոգման համար պետական միջոցների շրջանակներում շինանյութ է տրամադրվում, իսկ վերանորոգման աշխատանքները բնակիչներն իրենք են իրականացնում:

2009-ին մոտ 140 մլն դրամ է հատկացվել Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններին: 2010-ին այս շրջաններում ծրագիրը շարունակելու համար  արդեն 200 մլն դրամ է նախատեսվել:

2009-ին մեկնարկած բնակարանների վերանորոգման ծրագիրը Քաշաթաղի շրջանի հարավային թեւում արդեն որոշակի արդյունքներ է ապահովել: Այս առնչությամբ մանրամասներ է ներկայացնում Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Սավոյանը.«2009-ին  միայն Կովսականի ենթաշրջանում 47 ընտանիք է ընդգրկվել այդ ծրագրի շրջանակներում»:     Ընտրությունն իրականացվում է համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների կողմից: Այնուհետեւ համապատասխան գնահատական է տալիս հանձնաժողովը: Իրականացվող աշխատանքների որակի համար բնակիչներն են պատասխանատու. վերանորոգումն իրենք են իրականացնում: Սակայն շինարարության ոլորտի պատասխանատուներն էլ անմասն չեն մնում, գոնե` խորհրդատվության հարցերում: «Հետեւում ենք հատկացված շինանյութի արդյունավետ օգտագործմանը, նաեւ մասնագիտական խորհուրդներով ենք օգնում»,- պատմում է Ռուբեն Սավոյանը.«Հիմնականում  ուշադրություն ենք դարձնում տանիքների վերանորոգման եւ տների շուրջ ջրահեռացման համակարգի ապահովման աշխատանքների որակին»:

Երիցվանքում բնակարանների վերանորոգման ծրագրի գործնական արդյունքներն արդեն տեսանելի են: Այս համայնքի հետ Գագիկ Զոհրաբյանի կապը բավական հին պատմություն ունի: Այստեղ սեզոնային աշխատանքի է եկել դեռ 2000 թվականից: Մոտ մեկ տարի է` Զոհրաբյանների ընտանիքը մշտական բնակություն է հաստատել Երիցվանքում: Արդեն հասցրել են սեփական տնտեսությունը ստեղծել: Աճող ընտանիքի բնակարանային պայմաններն էլ պետական ծրագրի շրջանակներում են իրականացվում:

Քարվաճառի ազատագրում, Օմարի պաշտպանություն, Մարտակերտ… Սա   Զարզանդ Շահնազարյանի մարտական ուղու ոչ ամբողջական նկարագիրն է:  Արդեն 10 տարի է` նա առօրյա դժվարությունների դեմ է պայքարում ազատագրված Քաշաթաղում: 10 տարի առաջ է այստեղ մշտական բնակություն հաստատել:

Շահնազարյանների ընտանիքի բնակարանային պայմանները սովորական ձեւով հնարավոր չէր կարգավորել: Հասարակ վերանորոգումն այս պարագայում բավարար չէր: Բայց` լուծումը գտնվեց:

Պետական աջակցությանը կգումարի նաեւ իր խնայողությունները եւ շուտով բավական հարմարավետ բնակարան կունենա` ներկա կացարանի հարեւանությամբ:

2010-ի հետ կապված որոշակի մտահոգություններ կան, բայց լավատես են: «Ծրագիրն, ըստ էության փուլային բնույթ կկրի: Ոսումնասիրում ենք ներկայացվող հայտերը, ըստ կարեւորության` կազմում առավել կարիքավոր ընտանիքների ցուցակները`հետագայում նրանց եւս բնակարանների բարեկարգման ծրագրերում ընդգրկելու հեռանկարով»,- վստահեցնում է Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետը:

Նորայր Հովսեփյան

Ստեփանակերը

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն