Գլխավոր » Լրահոս

«Կենգուրու 2010». ընդլայնվում է աշխարհագրությունը

Մարտ 17, 2010թ. 16:45

Հայաստանի ողջ տարածքում մարտի 18-ին կմեկնարկի “Կենգուրու 2010” միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության հովանու ներքո: “Կենգուրուն” տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականի մասնակցությամբ: “Կենգուրուին” կարող են մասնակցել 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից. կարևորը երեխայի ցանկությունն է` փորձել իր ուժերը մաթեմատիկայում, նորովի նայել այս հետաքրքիր առարկային: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և առարկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել դպրոցականների համար:
Խաղ-մրցույթի մեկնարկի կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել էր մամուլի ասուլիս: Ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը և “Այբ” կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը:
Ն. Հովհաննիսյանը, հաջողություն մաղթելով մրցույթի բոլոր մասնակիցներին, նշեց, որ կրթական բարեփոխումների գործընթացում անչափ կարևորված են բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են երեխայի գիտելիքների գնահատման, խրախուսման և ունակությունների բացահայտման խնդիրներին: “”Կենգուրու” խաղ-մրցույթը նախևառաջ ընդգծում է “Մաթեմատիկա” առարկայի կարևորությունը. այսօր ստեղծվում են առանձին ավագ դպրոցներ, որոնք ունեն հոսքային տարբերակված ուսուցում, և բոլոր հոսքերում կարևոր տեղ է գրավում “Մաթեմատիկա” առարկան, որի ժամաքանակը բավականին կայուն է ուսումնական պլանում”,-նշեց հանրակրթության վարչության պետը:
Դ. Սահակյանը նշեց, որ “Կենգուրու” մրցույթը տարեցտարի ավելի լայն ընդգրկում է ստանում Հայաստանում, և կարելի է վստահորեն ասել, որ “Կենգուրուն” վերածվել է նոր կրթական մանկական շարժման: “ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջինն էր, որ հավատաց մրցույթի ներուժին և այդ պահից աջակցում է մեզ: Անցյալ տարի, երբ մրցույթն առաջին անգամ անցկացվեց մեր երկրում, այն համախմբեց 30 000-ից ավելի աշակերտ` 570 դպրոցից: Այս տարի բոլոր կանխատեսումները մասնակից դպրոցների և աշակերտների թվի հետ կապված ավելի քան գերազանցվեցին. 2010 թ. մարտի 18-ին Հայաստանի 902 դպրոցից 39 400 աշակերտ մասնակցելու են “Կենգուրու” խաղ-մրցույթին”,-նշեց հիմնադրամի տնօրենը` հավելելով, որ մրցույթը հիմնականում կայանում է երեխաների աննախադեպ ակտիվության և մասնակցության շնորհիվ: Դ. Սահակյանն անդրադարձավ նաև այս տարվա մի շարք նորամուծությունների: Նախևառաջ, բոլոր երեխաները խնդիրները կստանան երկլեզու` հայերեն և ռուսերեն տարբերակներով: Այս տարի կընդլայնվի նաև մրցույթի անցկացման աշխարհագրությունը. ապրիլ ամսին փորձնական ծրագիր կիրականացվի Լեռնային Ղարաբաղում: Հաջորդ տարի կմշակվեն համապատասխան մեխանիզմներ` գյուղական դպրոցների մասնակցությունը դյուրացնելու նպատակով:
Բանախոսները նշեցին, որ երեխաների համար հատկապես ոգևորիչ է այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր բարձր ուշադրության ներքո է պահում “Կենգուրու” մրցույթը և անձամբ հանդիպում հաղթողներին ու մրցանակակիրներին` խրախուսելու համար նրանց փոքր, բայց կարևոր հաղթանակների ճանապարհին և անձամբ հանձնելու մրցանակներն ու պատվոգրերը:
Մրցույթի արդյունքում մասնակից դպրոցներն ու աշակերտները կստանան մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաները կարժանանան պատվոգրերի և մրցանակների: Մրցույթի հաղթողները կմասնակցեն ամենամյա միջազգային ամառային ճամբարների, որոնք կազմակերպվում են “Կենգուրու առանց սահմանների” ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից որևէ մեկում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն