Գլխավոր » Լրահոս

Հայ-ռուսական բանակցություններ. Անվտանգության ոլորտում համագործակցությունը կխորանա

Մարտ 17, 2010թ. 17:10

AAԻնչպես տեղեկացնում են ArmAr.am-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, մարտի 17-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Նկոլայ Պատրուշեւի հրավերով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:

Ռուս պաշտոնակցի հետ էլ կայացել է առաջին հանդիպումը: Գոհունակություն հայտնելով  հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակից` Արթուր Բաղդասարյանն ու Նկոլայ Պատրուշեւը քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության խորացման հետագա ծրագրերը:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստանում սկսվել է սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը, մշակվում է սահմանային անվտանգության հայեցակարգ, եւ ընդգծել է այս ոլորտում ռուսական կողմի հետ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Նիկոլայ Պատրուշեւն այս հարցում հայկական կողմին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Կարեւորվել է ռազմատեխնիկական համագործակցության խորացումը: Այս նպատակով հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտն ուսումնասիրելու եւ համալրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ:

Քննարկվել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնած <<Եվրոպական անվտանգության պայմանագրի>> նախագծին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումներին ժամանակակից զինտեխնիկայով ապահովելու խնդրին:

Տարածաշրջանային անվտանգության խնդիրների քննարկման ընթացքում երկուստեք ընդգծվել է տեղեկատվության արագ փոխանակման եւ այս ոլորտում առավել ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են նաեւ այս տարվա հոկտեմբերին Ռուսաստանում հրավիրվելիք անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովի օրակարգային հարցերին: Արթուր Բաղդասարյանը ողջունել է Նիկոլայ Պատրուշեւի այս նախաձեռնությունը եւ վստահեցրել, որ հայկական կողմն ակտիվ կմասնակցի խորհրդաժողովին:

Գործընկերոջ խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա ընթացքը:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ: Քննարկվել են ռազմաարդյունաբերության, ատոմային էներգետիկայի, սահմանային ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն առնչվող խնդրներ: Երկուստեք ընդգծվել է ռուսական կողմին պատկանող <<Հարավկովկասյան երկաթուղիներ>> ընկերության կողմից Հայաստանում երկաթուղային տրանսպորտի ոլորտում նախատեսված ներդրումները ժամանակին եւ արդյունավետ իրականացնելու կարեւորությունը:

Օրվա ավարտին Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների աշխատակազմերի միջեւ կայացել են ընդլայնված կազմով կոնսուլտացիաներ անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն