Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ Երևան քաղաքի վարչության պետի
Այսօր, ժամը 15.00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, շարունակվեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Նիստի սկզբում Զարուհի Փոստանջյանի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ դատարանի նիստերի դահլիճում տեղադրված չեն ՀՀ դրոշն ու զինանշանը, ինչը օրենքի խախտում է: Դատավոր Էդիկ Ավետիսյանն ընդունեց, որ նիստն անցկացվում է օրենքի խախտմամբ, որոշակի դժգոհությամբ ընդհատեց այն և հայտարարեց, որ այդ դեպքում դատավարության մասնակիցները պետք է սպասեն այնքան, մինչև հնարավորություն կլինի նիստն անցկացնել այլ դահլիճում:
Դատաքննության ընթացքում փաստաբանը դատարանին հայտնեց, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ն. Նազարյանի որոշումը՝ հասցեագրված պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և թվագրված փետրվարի 26-ով, պատգամավորը ստացել է մարտի 9-ին: Ապա փաստաբանը դատարանին հայտնեց, որ Ն.Նազարյանի որոշման մեջ նշված՝ պատգամավորի հաղորդումները հանցագործությունների մասին ըստ ենթակայության ուղարկելու մասին որոշումը կայացվել է ոչ միայն չորս ամիս ուշացումով, այլև չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներից, քանի որ որոշման մեջ մատնանշված օրենքի համապատասխան դրույթը նախատեսում է միայն հանցագործության վայրում տեղազննման կամ այլ գործողության կատարում: Եվ այդ կապակցությամբ՝ փաստաբանը դատարանին ներկայացրեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանի լրացուցիչ բողոքի պահանջը, համաձայն որի՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ն. Նազարյանի 26.02.2010թ. որոշումը՝ նյութերն ըստ ենթակայության ուղարկելու մասին պետք է վերացնել և պարտավորեցնել Ն.Նազարյանին՝ կատարել ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 181 հոդվածի 1-ին կետի պահանջը, մասնավորապես՝ կայացնել որոշումներ քրեական գործեր հարուցելու մասին:
Դատավարությանը մասնակցող Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր հերթին դատարանին հայտնեց, որ Երևան քաղաքի ոստիկանության պետ Ն. Նազարյանը պարտավոր է հանցագործությունների մասին իր կողմից տրված հաղորդումների վերաբերյալ հարուցել քրեական գործեր և հետո միայն, եթե նման անհրաժեշտություն ծագի, այն ուղարկել ըստ ենթակայության:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի պետ Ն. Նազարյանի ներկայացուցիչը դատարանից ժամանակ խնդրեց՝ լրացուցիչ բողոքի պահանջին ծանոթանալու համար: Դատարանը բավարարեց խնդրանքը, և նիստը հետաձգվեց՝ առանց նշելու հաջորդ նիստի օրն ու ժամը:
Դատական հաջորդ նիստի անցկացման մասին լրացուցիչ կտեղեկացնենք ՀՀ քաղաքացիներին և ԶԼՄ-ներին:
ArmAr.am












