Հայ պատմագիտական միտքը ծանր կորուստ կրեց
Ինչպես տեղեկացնում են ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին Կալիֆորնիայի հայ գրողների միությունից, մարտի 11ին, Լոս Անջելեսում, իր մահկանացուն կնքեց անվանի գիտնական, արևելագետ, Հայաստանի Ազգային Ակադեմիայի Արևելագիտական Ինստիտուտի գիտաշխատող, թուրքագիտության բաժանմունքի հիմնադիր Երվանդ Ղազարի Սարգսյանը:
Պրֆ. Դր. Երվանդ Սարգսյանը երկար տարիներ իր բեղմնավոր պատմագիտական ու մանկավարժական գործունեությամբ նպաստել է ազգային գիտակցության արթնացմանն ու ամրապնդմանը մեր սերունդների գիտակցության մեջ: Նա անցյալ դարի 50ական թվականներից մինչև դարավերջ գրել ու հրատարակել է պատմագրական տասնյակ գրքեր, հարյուրավոր հոդվածներ, հիմնականում լուսաբանելով հայ-թուրքական հարաբերությունները, ռուս-թուրքական առնչությունները, Հայոց Ցեղասպանության ծալքերը: Նա առաջիններից եղավ, որ Սովետական Միությունում արծարծեց Հայոց Ցեղասպանության թուրքական ոճրագործությունը, պատմության թուրքական նենգափոխությունները:
Սրտանց ցավակցում ենք մեր ընկերոջ, մեծ բարեկամի ընտանիքին ու հարազատներին այս ծանր կորուստի առիթով:
Պրֆ. Դր. Վահագն Մկրտչյան
Ակադեմիկոս Աշոտ Կարապետյան
Բանաստեղծ Գևորգ Քրիստինյան
Բանաստեղծ Գրիշ Դավթյան
ArmAr.am էլեկտրոնային օրaթերթի խմբագրակազմը խորը վշտով ցավակցում է անվանի գիտնականի հարազատներին ու բարեկամներին:
ArmAr.am












