Նալբանդյան. « Նման հայտարարություններով թուրքերն սկսվեցին Հայոց Ցեղասպանությունը»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արված հայտարարությունը՝ հայ անօրինական միգրանտների հնարավոր արտաքսման վերաբերյալ, անթույլատրելի քայլ էր:
«Նման հայտարարությունները, անխոս, ոչ միայն վնասում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ ցույց են տալիս, որ նման հայտարարություններով Թուրքիան պատրաստ չէ առաջ գնալ»:
ԱԳ նախարարը նկատում է, որ Էրդողանի հայտարարությունը լուրջ քննարկումների թեմա է դարձել հենց Թուրքիայում, նույնիսկ թուրքական լրատվամիջոցներն են տարակուսանք արտահայտում , սակայն իրականությունն այն, է որ նման շեշտադրումներով հայտարարություն առաջին անգամ չէ, որ հնչում է թուրք բարձրաստիճան ղեկավարների կողմից. «Ցավոք, նման հայտարարություն առաջին անգամ չէ, որ արվում է, և դրանք բացասական ազդեցություն են ունենում: Նման հայտարարություններով սկսվեցին 1915 թվականին նախորդած իրադարձությունները՝ կապված Հայոց Ցեղասպանության հետ»,-ասաց նախարարը` հիշեցնելով, որ նման հայտարարություններ է արել նաև Ադրբեջանը Սումգայիթի, Բաքվի ու այլ բնակավայրերի ջարդերից առաջ:
Նալբանդյանը հույս հայտնեց, որ Թուրքիայում կգերակայի առավել իրատեսական մոտեցում, և նա ականջալուր կլինի միջազգային հանրությանը և աշխարհի բոլոր երկրներին, որ պետք է առաջ ընթանալ առանց նախապայամանների, առանց սպառնալիքների, առանց պրովակացիաների և կատարի ձեռք բերված պայմանավորվածությունները, չսպառնա Հայաստանին ու այլ երկրներին: «Դա այն ճանապարհը չէ, որ կարող է գործել քաղաքակիրթ աշխարհում»,-ասաց Նալբանդյանը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանն է այդ գործընթացի նախաձեռնողը, և չնայած բազմաթիվ դժվարությունների, կողմերն առաջ են շարժվել և հասել են արձանագրությունների ստորագրմանը:
«Հայաստանը պատրաստ է շարունակել այդ գործընթացը և առաջ շարժվել, բայց դա կախված է նաև թուրքական կողմից: Թե որքանով են նրանք պատրաստ առաջ շարժվել, ցույց կտա ժամանակը»,-ասաց նախարարը:
ArmAr.am












