Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ամենայն Հայոց կաթողիկոսը Բաքվում կայանալիք աշխարհի կրոնապետերի գագաթաժողովին մասնակցելու հրավեր է ստացել

Մարտ 18, 2010թ. 17:50

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ն իր և Կովկասի մուսուլմանների առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահ Շյուքուր Փաշազադեի անունից հրավիրել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին` մասնակցելու Բաքվում այս տարի. ապրիլի 26-27-ը կայանալիք կրոնական առաջնորդների գագաթաժողովին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից:

«Հայ Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու համար կարևոր են միջքրիստոնեական և միջկրոնական հարաբերությունները: Միայն աշխարհի ավանդական բոլոր կրոնների ներկայացուցիչների համատեղ ջանքերով մենք կարող կլինենք պաշտպանել հավատքի կարևորությունը մարդու հասարակական և անհատական կյանքում», -ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պատրիարք Կիրիլի համատեղ ստորագրած հայտարարության մեջ:

Այնուհետև ասվում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու ԱՊՀ և Մերձբալթյան երկների միջկրոնական խորհրդի աշխատանքները, ինչպես նաև շարունակելու տարածաշրջանի հոգևոր պետերի եռակողմ և քառակողմ հանդիպումները` հանուն խաղաղության և Կովկասի երկրների բարօր կյանքի:

«Համաշխարհայնացման պայմաններում մենք կոչ ենք անում մեր Եկեղեցիների սպասավորներին զորացնել ջանքերը քրիստոնեական հավատքի և արժեքների տարածման գործում: Ի պատասխան ներկա աշխարհում տարածվող կրոնական նոր հոսանքների` անհրաժեշտ ենք համարում իրականացնել համատեղ միջոցառումներ և ծրագրեր` կանխարգելու քայքայիչ աղանդների և կեղծ կրոնական կազմակերպությունների վնասակար գործունեությունը:

Մենք գոհություն ենք մատուցում Աստծուն երկու Եկեղեցիների միջև առկա բարեկամության մեծ պարգևի համար և աղոթում, որ այս բարեկամության պտուղները տեսանելի դառնան Եկեղեցիների անդամների կյանքում և վկայեն բոլորիս հանդեպ Աստծո անսահման սիրո մասին», -ասվում է հայտարարության մեջ:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն