Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի առթիվ և նշել, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ փոխգործակցության հետագա խորացմամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև չկան խնդիրներ, ինչն արդեն իսկ լավ հիմք է համագործակցության զարգացման համար:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, երկրի ղեկավարը նաև երախտագիտություն է հայտնել 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համար:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ արտգործնախարարի այցը ևս կօժանդակի հարաբերությունների ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը հրավիրել է նաև Սլովակիայի Նախագահին` այցելելու Հայաստան:
Միրոսլավ Լայչակն իր հերթին նշել է, որ քաղաքական մակարդակում այսօր շատ բան է արված, սակայն դեռևս կան փոխգործակցության ամրապնդման շատ հնարավորություններ, չիրացված ներուժ, հատկապես` առևտրի ու տնտեսության ոլորտում: Նշելով, որ իր հետ Հայաստան են ժամանել նաև գործարարներ` նա հույս է հայտնել, որ հայ-սլովակյան գործարար համաժողովը երկու երկրների գործարար կապերի ընդլայնման նոր հնարավորություններ կստեղծի:
Հայաստանի Նախագահը և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր, կարևորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Նրանք մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընթացքի և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ-սլովակյան հարաբերությունների խորացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Միրոսլավ Լայչակը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է, որ իր հայ գործընկերոջն է փոխանցել Արևելյան գործընկերության շրջանակում երկկողմ համագործակցության ծավալման վերաբերյալ մի շարք առաջարկություններ:
Հանրապետության Նախագահը հյուրի խնդրանքով ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, դրանց վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը, ինչպես նաև անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի: Նախագահ Սարգսյանը միաժամանակ ողջունել է Սլովակիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ:
ArmAr.am












