Նյու Յորքում հանդիսավոր կերպով նշվել է ՀՕՄ-ի 100-ամյակը
Հայ օգնության միության (ՀՕՄ) աշխարհասփյուռ անդամները (Հունաստանից, Ֆրանսիայից, Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից) մարտի 10-13-ը հավաքվել են Նյու Յորքում` նշելու ՀՕՄ-ի հարյուրամյակը:
Առաջին օրը գլխավոր բանախոսը Կանանց համաշխարհային բանկի նախագահ եւ վարիչ Մերի Էլեն Իսքենտերյանն էր, ով նշել է, որ կանանց կողմից տնտեսական զարգացման մեջ ներդրումները հաջողություն են արձանագրել: Նա կոչ է արել ներկաներին շարունակել իրենց համաշխարհային զորակցութիւնը հայ ընտանիքների դաստիարակչական, առողջապահական, բնակարանային եւ այլ կարիքների բավարարման ջանքերին:
Երեկույթը վարող Ստեֆանի Մեսրոպյանը խոսել է ՀՕՄ-ի 100-ամյա գործունեության մասին, նշելով, որ այն կենտրոնացնում է իր ջանքերը Հայաստանի, Արցախի ու Ջավախքի մեջ կատարվող ծրագրերի վրա:
Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան Ամերիկայի թեմի առաջնորդ Օշական Արքեպիսկոպոս Չոլոյանը կարդացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի Կոնդակը` որտեղ նա շնորհավորել է ՀՕՄ-ին, նրա 100-ամյա անձնուրաց ծառայության համար: Նա 2010-ը հայտարարել է Հայ կնոջ տարի: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հերթին կարդացել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը:
Երեկույթի գեղարվեստական բաժնին մասնակցել են օպերայի երգիչներ Վիկտորյա Ավետիսյանը, եւ Եղիշե Մանուչարյանը, դաշնակահարուհի Արմինե Վարդանյանի նվագակցությամբ:
ArmAr.am












