Քիրվայության թուրքական ծրագիրը
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրատվամիջոցներին տրված հրացազրույցում խոսելով հայ-թուրքական դիվնագիտական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացից` ակամա խոստովանել է, որ Թուրքիան տարբեր ազգերի ու պետությունների հետ հին խնդիրներ ունեցող պետություն է: Մասնավորապես ընդգծել է, որ հազար տարվա խնդիրներ ունի սերբերի հետ, մի հարյուր տարվա էլ` հայերի հետ: Ապա, հավելել. «Եթե հաջողվեց բարելավել թուրք-սերբական հարաբերություններն, ապա ինչու՞ չպետք է կարգավորվեն մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,-ասել է Դավութօղլուն։
Բայց փորձենք հիշենք, թե ինչպե՞ս «բարելավվեցին» թուրք-սերբական հարաբերությունները: Դրանք «բարելավվեցին» սերբերին պատմական հայրենիքից վտարելով, Միջերկրականի ափին ստեղծելով թուրքական Ալբանիա, նորագույն շրջանում` բոսնիական սերբերին զրկելով հայրենիքից, ցեղասպանություն ապրած սերբերին` ցեղասպանության մեջ մեղադրելով, մինչև իսկ նրանց առաջնորդ Միլոշևիչին Հաագայի դատարան տանելով…
Շարունակենք Դավութօղլու հանճարեղ դիտարկումները. վերջինս զուգահեռներ է անցկացրել բալկանյան և ղարաբաղյան հակամարտությունների միջև ու հայտարարել.«Թուրքիան կարող է օգտակար լինել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում, ինչպես, որ դա արեց Սերբիայի և Բոսնիա-Հերցեգովինայի պարագայում»։
Թուրքական ներկայիս իշխանությունները որքան շատ են հրապարակավ արտահայտում իրենց մտքերը, այնքան թափանցիկ են դարձնում սեփական ծրագրերը, որոնք իրենց վրա ակնհայտորեն կրում են ցեղասպան նախնիների նպատակների անմիջական ազդեցությունը: Տվյալ դեպքում այս հայտարություններից պարզ է դառնում, որ ադրբեջանցի ու թուրք «եղբայրները» փորձում են արցախահայության հետ վարվել այնպես, ինչպես վարվեցին բոսնիական սերբերի հետ, Արցախի Հանրապետության տեղում էլ ստեղծելով մի նոր թյուրքական Ալբանիա:
Եթե սրան էլ հավելենք վերջերս Թուրքիայի վարչապետ Էդողանի հայտարարությունը, ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի կդառնա:
Այսպես. Էրդողանը`իբրև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբեությունների լուծում առաջարկել էր` ղարաբաղյան խնդրին տալ ադրբեջանամետ լուծում, նկատելով, որ միայ դրանից հետո ամեն ինչ լավ ընթացք կունենա: Այնպես որ, եթե որոշ «հայեր» հանկարծ որոշեն թյուրքերի հետ քիրվայություն անել, ուրեմն, նախ սկուտեղի վրա պետք է հանձնեն Արցախը, ապա պատրաստվեն ապագայում Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ զիջելուն: Բայց քանի որ աշխարհում չկա մի իսկական հայ, որի մտքով կարող է նման անհեթեթություն անցնել, կնշանակ թյուրքական «քիրվայության ծրագիրը»` ի դժբախտություն թյուրքերի, կմնա չիրականացված:
Փոխարենը, թուրք ու ադրբեջանցի թյուրք «եղբայրներին» առաջարկում ենք հարևանության, մեկ այլ, առավել իրատեսական ծրագիր. Այսպես`առաջին. նախ ձեռք քաշել իր ժողովրդավարությունը կառուցող անկախ Արցախի Հանրապետությունից, երկրորդ. ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, դրանով իսկ ձերբազատվելով նախնիների արյունոտ անցյալից. երրորդ. պատրաստվել հայության պատմական հայրենիքը` Արևմտյան Հայաստանը հայերին վերադարձնելու գործընթացին:
Այս ամենից հետո միայն կարելի է խոսել լավ հարևանության մասին, և ինչու ոչ` հյուրասեր հային բնորոշ հյուրասիրությամբ, իր հարևան թուրքի հետ Վանա տառեխ վայելել սեփական տանը` Վանա լճի ափին:
ArmAr.am
Թեգեր` Ալբանիա, Ահմեդ Դավութօղլու, Արևմտյան Հայաստան, Արցախի Հանրապետություն, բոսնիական սերբեր, թուրք-սերբական հարաբերություններ, Թուրքիա, Հաագայի դատարան, Հայոց Ցեղասպանություն, Միլոշևիչ, Վանա լիճ












