«Ցեղասպանությունն ընդունելուց ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո միայն թուրքերը շահեկան իրավիճակում կհայտնվեն»
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական խնդիրները 100 տարվա պատմություն ունեն, նշեց, որ հայ-թուրքական խնդիրներն, ավելի ճիշտ՝ արյունոտ պատմություն ունեն, և Հայերի ցեղասպանության փաստն ընդունելուց ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո միայն թուրքերը շահեկան իրավիճակում կհայտնվեն, որովհետև միայն դրանից հետո նրանց վրայից ինչ-որ չափով կմաքրվեն արյան հետքերը ։
Անդրադառնալով Արցախի խնդրին` Գ. Սահակյանն ընդգծեց, որ ինչքան էլ Թուրքիան փորձի հայ-թուրքական հարաբերությունները կապել Արցախի ու Ցեղասպանության խնդիրների հետ, հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը «շուկայական առևտրի երբեք չի գնալու». «Արցախը երբևիցե չի եղել անկախ Ադրբեջանական պետության կազմում, Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինեն, և Արցախի կարգավիճակը երբեք ավելի ցածր չի կարող լինել, քան այսօր ունենք»,- ասաց Գալուստ Սահակյանը։
Անդրադառնալով ազգերի ինքնորոշման իրավունքին` նա ընդգծեց, որ
ինքնորոշումը նպատակ է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ սկզբունք։ «Եթե ազգերի ինքնորոշման իրավունքը չլիներ, հիմա աշխարհում մեկ տասնյակից ոչ ավելի պետություն կունենայինք, և դրանցից մեկն անպայման Հայաստանը կլիներ»։
Եզրափակելով խոսքը` Գ. Սահակյանը նշեց, որ իրավիճակը բարդ է, բայց՝ լուծելի։ Այդ իրավիճակում Հայաստանը շատ վճռական է։
ArmAr.am












