Շավարշ Քոչարյանը. «Մամեդյարովի վերջին հայտարարությունը Ադրբեջանի հերթական անհաջող փորձն է»
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հանրաքվեին պետք է մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, քանի որ դա է պահանջում Ադրբեջանի սահմանադրությունը: Մամեդյարովը ասել էր նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին:
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանելով Մամեդյարովի հայտարարությունը նախ ասել է. «Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց՝ Ադրբեջանը արգելակում է բանակցությունների առաջընթացը, բայց միեւնույնն է՝ չի կարող խուսափել իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների համար պատասխանատվությունից:
Պարոն Քոչարյանը հայտարարել է. «Պարոն Մամեդյարովը ներկայացրել է լրագրողներին, թե ինչ արդյունքների կարող է հասնել, եթե բանակցությունները վարի ինքն իր հետ, եվ եթե միայն Ադրբեջանը մշակի, եւ Ադրբեջանը ինքն իր հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը»,- ու հավելել. «Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը հերթական անհաջող փորձն է Ադրբեջանի Սահմանադրությամբ արդարացնելու ինքնորոշված ԼՂՀ դեմ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ ոտնահարումով ագրեսիայի իրականացումը: Այդ Սահմանադրությունն ընդունվել է ԼՂՀ-ի հետ զինադադարի կնքումից հետո, ու որեւէ կերպ չի առնչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն ունի իր սեփական սահմանադրությունը»:
ArmAr.am












