Տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր:
Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի ծնարանային եւ վիրահատական բաժինների հիմնանորոգման, «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի պատուհանների տեղադրման, Երեւանի «Նորք» տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի սանհանգույցների վերանորոգման եւ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան «Հույս» մանկատան կահավորման ծրագրերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Արմենիակա» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում եւ Եվրոպայում առկա հայկական ճարտարապետության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի, պատմական աղբյուրների եւ գրականության ցանկի թվայնացումը ու տեղադրումը համացանցում, ինչը հասանելի կլինի բոլորին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Գանձատան նորոգման աշխատանքների եւ Գարեգին Ա կրթական կենտրոնի կառուցման նախագծային աշխատանքների ծրագրերը:
«Հրայր եւ Աննա Հովնանյան» ֆաունդեյշն կորպորացիայի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել եկեղեցական համալիր` Հայրապետական նստավայր եւ Սուրբ Աննա եկեղեցի:
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Գյումրու թիվ 6 մանկապարտեզի կահավորման ծրագիրը ու «Զեյթուն» ուսումնական եւ աջակցման կենտրոնի հիմնադրման ծրագիրը, որի նպատակն է աջակցել բնակչության խոցելի խավին ձեռք բերելու շուկայում պահանջվող մասնագիտություն եւ սեփական վաստակի միջոցով հասնել ֆինանսական կայունության:
Նիստում քննարկվել եւ հաստատվել են նաեւ նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ եւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ստացված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:
ArmAr.am












