Մրցույթն օգնում է երիտասարդ շնորհալի ստեղծագործողներին
Հանրապետության Նախագահի Երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի մրցույթն ավարտվեց. առջեւում է «Գործիքային կատարում» մրցապայքարը
Այսօր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կայացավ Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի եզրափակիչ փուլը:
Մրցապայքար էին դուրս եկել առաջին փուլը հաղթահարած մասնակիցները` Անուշ Հովհաննիսյանը, Հովսեփ Նշանյանը, Գուրգեն Բավեյանը, Թերեզա Գեւորգյանը եւ Գրիգոր Աբրահամյանը: Նրանք բոլորն էլ բեմ դուրս եկան հաղթելու վճռականությամբ:
Կատարումներին հաջորդող ջերմ ծափողջույնները վկայում էին, որ եզրափակիչ փուլ էին անցել միայն արժանավորները, ինչը, ժյուրիի հավաստմամբ, դժվարացնում է վերջնական ընտրությունը:
«Արդեն հինգերորդ տարին է Ֆրանսիայում գործող Պողոսյան հիմնադրամի` ի դեմս Ժան եւ Ալբերտ Պողոսյանների, հովանավորությամբ իրականացնում ենք Հանրապետության Նախագահի Երիտասարդական մրցանակի ծրագրերը, որոնք օգնում են երիտասարդ շնորհալի ստեղծագործողներին կատարելագործել իրենց վարպետությունն ու առավել գնահատված զգալ սեփական երկրում»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Աիդա Խաչիկյանը:
Հանրապետության Նախագահի Երիտասարդական մրցանակի ՙԵրգեցողություն՚ անվանակարգի, ինչպես նաեւ Հանրապետության Նախագահի մրցանակների բոլոր մյուս հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 13-ին` Հանրապետության Նախագահի մրցանակաբաշխության արարողության ընթացքում: Նախագահը հաղթողներին կհանձնի մրցանակներ` վկայագրի, շքանշանի եւ 2500 դոլարին համարժեք դրամի տեսքով: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացրեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
ArmAr.am












