Լյուդմիլա Սարգսյան.« Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ…»
«Հայ-թուրքական գործընթացի նախաձեռնողական դիվանագիտությունը ի սկզբանե դատապարտված էր պարտության, եւ այսօր էլ մենք այն որպես պարտություն ենք գրանցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։
Նրա խոսքով, իրենց կուսակցությունը խորապես համոզված է, որ այս փուլում հայ-թուրքական հաշտեցման գործընթաց ոչ մի կերպ չէր կարելի սկսել։ «Հենց սկզբից ակնհայտ էր, որ այդ փաստաթղթում նախապայմաններ կան՝ Ղարաբաղի հարցում Հայաստանի կողմից զիջումների գնալու պահանջ եւ Ցեղասպանության ուրացում»,- նշեց ՍԴՀԿ ատենապետը՝ հավելելով, որ Թուրքիան այժմ հանգիստ է եւ չի շտապի հետագա քայլեր ձեռնարկել, ավելին երկկողմ արձանագրությունների վավերացման գործընթացը կձգձգի այնքան, որքան իրեն է ձեռնտու. «Չնայած ԱՄՆ ճնշումներին՝ Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները եւ Հայաստանի հետ սահմանը չի բացի այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հարցը չի լուծվել»,- համոզմունք հայտնեց Լ. Սարգսյանը։
Նրա խոսքով, բնական է, որ այս բարդ իրավիճակում ՀՀ իշխանություններն իրենց հույսը դրել են գերտերությունների վրա. “Երբ երկրում օրինական իշխանություն չկա, դա այդպես էլ պետք է լինի։ Երբ կեղծված են ընտրությունները, երբ նախագահը լեգիտիմության խնդիր ունի, բնական է, որ նրա միակ հույսը միջազգային հանրությունը պետք է լինի “,- ընդգծեց կուսակցության ատենապետը։












