Կաթողիկոսին հրավիրել են Բաքու
Մարտի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողով: Գերագույն հոգևոր խորհրդի նիստին ներկայացվել է Մայր Աթոռի 2009թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսա-տնտեսական զեկույցը:
Կաթողիկոսը տեղեկացրել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի այցի ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի և Կիրիլ Ա Պատրիարքի անունից փոխանցվել է հրավեր` մասնակցելու ապրիլի 26-28-ը Բաքվում կայանալիք ԱՊՀ և Բալթյան երկրների հոգևոր առաջնորդների գագաթաժողովին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը Գերագույն Հոգևոր խորհրդի անդամներին հայտնել է, որ ընթացակարգային որոշակի հստակեցումներից հետո վերջնական որոշում կկայացվի գագաթաժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցության վերաբերյալ:
Այնուհետև անդրադարձ է կատարվել Վեհափառ Հայրապետի և նրա շքախմբի փետրվարի 17-19-ը Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն կատարած այցին: Գերագույն հոգևոր խորհուրդն ի գիտություն է ընդունել նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական Ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի զեկույցը Կոստանդնուպոլսի Հայոց Աթոռակից Պատրիարքի ընտրության ընթացքի վերաբերյալ` վերահաստատելով փոխանցված տեղեկատվությունը, որ Թուրքիայի իշխանություններին ներկայացվել է Աթոռակից Պատրիարք ընտրելու վերաբերյալ դիմումը` սպասելով ընտրության անցկացման համար համապատասխան արտոնության տրամադրմանը:
Ժողովականներին տեղեկացվել է նաև, որ կարգալույծ է հռչակվել Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տ. Հակոբ աբեղա Ապրեսյանը` կանոնազանց ընթացքի համար: Այսուհետ նա կարգվում է աշխարհականների դասում` կոչվելով ավազանի անունով` Միրզա Ապրեսյան:
ArmAr.am












